Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 

Այս տարի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում ռուս սահմանապահները մի քանի անգամ ստուգել են բնակավայր մուտք գործող տրանսպորտային միջոցներում գտնվող օտարերկրյա քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։

«Եթե չեմ սխալվում՝ ստուգումներից մեկի դեպքում ազգությամբ գերմանացի է եղել, մոտ մեկ ամիս առաջ, մյուս դեպքերում՝ ամերիկացիներ»,- նշեց համայնքապետը։

Անդրեասյանի փոխանցմամբ՝ եթե ստուգումների ընթացքում խնդիրներ են արձանագրվում, սահմանապահները դիմում են Ոստիկանություն, իսկ հետագա ընթացքն ապահովում են իրավապահ մարմինները։

Հունիսի 9-ին ֆեյսբուքում Ժիրայր Ոսկանյան անունով օգտատերը գրառում էր արել այն մասին, որ Նռնաձորի մուտքի մոտ ռուս զինվորականները կանգնեցրել են ՀՀ և օտարերկրացի քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը Նռնաձոր և պահանջելով համապատասխան թույլտվություն։ 

Factor TV-ն ուսումնասիրել է, թե որքանո՞վ են օրինական եղել ռուս սահմանապահների գործողությունները Նռնաձորում, ի՞նչ լիազորություններ ունեն նրանք Հայաստանում, ո՞ր հատվածներում են շարունակում գործունեություն իրականացնել, և մինչ այժմ ո՞ր անցակետերն ու հենակետերն են փակվել։

Ռուս սահմանապահների գործունեության իրավական հիմքերը

Ազգային անվտանգության ծառայությունը, Factor TV-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը, այդ թվում՝ Նռնաձորի հատվածում, պետական սահմանի պահպանություն է իրականացնում 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա։

Նույն պայմանագրով՝ Հայաստանը Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանությունը վերապահել է ռուսական սահմանապահ զորքերին, որոնք իրենց գործունեության ընթացքում պարտավոր են ղեկավարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

ԱԱԾ-ն հղում է արել նաև «Պետական սահմանի մասին» օրենքի 20-րդ հոդվածին. «ՀՀ կառավարությունը, պետական սահմանում պատշաճ կարգ ապահովելու նպատակով, սահմանված կարգով, տվյալ օրենքին և ՀՀ իրավական այլ ակտերին համապատասխան, սահմանում է սահմանային ռեժիմ, որը կարգավորում է ՀՀ քաղաքացիների և այլ անձանց՝ սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, տեղափոխվելու և այլ գործունեություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները»։

Նույն օրենքի 22-րդ հոդվածով էլ սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը՝ ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտի լիազոր մարմինների համաձայնությամբ, տալիս են սահմանապահ զորքերը։

Գրության մեջ նշված է . «Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է նաև լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ գտնվելու համար»։

ԱԱԾ-ն հղում է արել «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 7-րդ հոդվածին և Կառավարության 2011 թվականի N 735-Ն որոշմանը, որոնց համաձայն՝ սահմանապահ զորքերն իրավունք ունեն սահմանային գոտում, սահմանային շերտում և պետական սահմանի անցման կետերում ստուգել անձանց ու տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, ինչպես նաև զննել տրանսպորտային միջոցներն ու դրանցով տեղափոխվող բեռները։

ԱԱԾ-ի պատասխանից և գործող կարգավորումներից հետևում է, որ դեպի Նռնաձոր տանող ճանապարհի՝ սահմանային շերտում գտնվող և ՌԴ սահմանապահների կողմից պահպանվող համապատասխան հատվածում ռուս սահմանապահները ծառայության շրջանակում կարող են ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը։ Գործող կարգավորումների համաձայն՝ սահմանային շերտ մուտք գործելու համար, որպես կանոն, անհրաժեշտ են անցագիր և անձը հաստատող փաստաթուղթ։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ դեպի Նռնաձոր տանող ճանապարհը գտնվում է սահմանային շերտում, ուստի այդ հատված մուտք գործելիս ՌԴ սահմանապահները կարող են պահանջել անցագիր և անձը հաստատող փաստաթուղթ։

Ռուս սահմանապահների ներկայության և փուլային դուրսբերման ժամանակագրությունը

Վերջին տարիներին ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարել են, որ նպատակ ունեն փուլ առ փուլ Հայաստանի սահմանի պահապանությունն ամբողջությամբ փոխարինել Հայաստանի սահմանապահ զորքերի ուժերով։

Պետական սահմանի պահպանությունը փուլ առ փուլ Հայաստանի սահմանապահ զորքերի ուժերով փոխարելու մասին ամրագրված է նաև 1992թ․ սեպտեմբերի 30-ին ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին պայմանագրով։

Այդ նույն պայմանագրով Ռուսաստանին վերապահված է Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունը։ Սակայն վերջին տարիներին իրականացվում են փոփոխություններ, այդ թվում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերը ստանձնում են առանձին հատվածների պահպանությունը։

2020 թվական․ նոր հենակետեր Ադրբեջանի ուղղությամբ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում լրացուցիչ սահմանապահ կետեր տեղակայվեցին նաև հայ-ադրբեջանական սահմանին և Սյունիքի ճանապարհների երկայնքով։ Այդ սահմանապահ կետերում և Գորիս-Կապան ճանապարհի առանձին հատվածներում երթևեկության անվտանգության ապահովմանը ներգրավվեցին ՌԴ ԱԴԾ սահմանապահները։

2021-2022 թվականներ․ ներկայության ընդլայնում Սյունիքում
2021 թվականին ռուսական սահմանապահ ծառայությանը հողամասեր հատկացվեցին Սյունիքի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Նռնաձորի ուղղությամբ։ 2022 թվականին հրապարակվեց, որ Մեղրի համայնքի ճանապարհներին՝ դեպի Ագարակ, Շվանիձոր, Ալվանք և Նռնաձոր, տեղադրվել են հսկիչ կետեր, որտեղ ստուգվում են մեքենաները և ուղևորների փաստաթղթերը։

2024 թվական․ հետպատերազմյան կետերի դուրսբերում

Ռուս սահմանապահների փուլային փոխարինումն ու առանձին տեղամասերից դուրսբերումը գործնականում սկսվեց 2024 թվականից։ 

2024-ի մայիսին Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղակայված մի շարք կետերում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը։

2024թ․ հուլիսի 31-ին ՌԴ ԱԴԾ սահմանապահներն ավարտեցին ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ օգոստոսի 1-ից սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ ստանձնեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահները։
2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետում ծառայությունն ամբողջությամբ իրականացնում են Հայաստանի սահմանապահները։

2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ևս ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները։ Ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բոլոր սահմանային անցման կետերն արդեն ամբողջությամբ վերահսկվում են հայկական սահմանապահ զորքերի կողմից։

Նույն ամսվա վերջին Փաշինյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է վճարել ռուս սահմանապահներին սահմանի պահպանության համար, սակայն հավելյալ միջոցները նպատակահարմար է ուղղել սեփական սահմանապահ կարողությունների զարգացմանը։ Նրա խոսքով՝ սահմանային մնացած հատվածների վերահսկողությունը նույնպես պետք է փուլ առ փուլ փոխանցվի հայկական կողմին, ինչպես նախատեսված է 1992 թվականի պայմանագրով։

ԱԱԾ-ն, ի պատասխան Factor TV-ի հարցման, չի տրամադրել, թե որքան գումար է փոխանցվել 2016-2025 թվականներին և որքան է նախատեսված հատկացնել 2026-ին ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի՝ ՀՀ սահմաններին և սահմանային անցման/հսկման կետերում ծառայության դիմաց։ Կառույցից հղում են արել Պետական գաղտնիքի մասին օրենքին։ 

Այսպիսով, Նռնաձորը պետական սահմանի անցման կետ չէ, սակայն այնտեղ ռուս սահմանապահները շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանություն։ Միաժամանակ, վերջին երկու տարիներին ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանում զգալիորեն կրճատվել է․ ամբողջությամբ ՀՀ սահմանապահների պահպանության տակ են անցել բոլոր սահմանային անցման կետերը, իսկ իշխանությունները հայտարարում են, որ 1992 թվականի պայմանագրով նախատեսված կարգով փուլ առ փուլ հայկական կողմը պետք է ստանձնի պետական սահմանի պահպանությունը նաև մնացած հատվածներում։

Մարիա Խաչատրյան

Leave a comment