Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված

Այսօր՝ հուլիսի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Leave a comment