Շենգավիթցի «Կյաժ Աշոտի» սպանությանն օժանդակողը 5 տարի անց հայտնաբերվել է. ՔԿ

Բաժանորդագրվել

Դեպքի առնչությամբ 8 անձ հետախուզման մեջ էր, նրանցից 7-ին 1 տարվա ընթացքում հայտնաբերել էին, իսկ մեկը մինչ օրս հետախուզվում էր։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 28-ամյա Աշոտ Պետրոսյանի` «Կյաժ Աշոտի» սպանությանն օժանդակողը 5 տարի անց հայտնաբերվել և կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Սպանությունը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 9-ին Մայիսի 9–ի փողոցի շենքերից մեկի բակում։ Այդ օրը Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր եղել, ապա կրակոցներ էին հնչել։ Պետրոսյանը հրազենային վնասվածքից մահացել էր։ 2021 թվականի օգոստոսի 10-ին ոստիկանները Երևանի Լեոյի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բերման էին ենթարկել 31-ամյա մի տղամարդու, որը սպանության կասկածյալներից մեկն էր։ 2021 թվականի սեպտեմբերի 29-ից էլ հետախուզվում էր սպանությանն օժանդակող անձը` Ա.Մ.–ն։

«2026 թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներն Ա․Մ․–ին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին։ Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են սահմանափակ խոցելիությամբ ինքնաշեն ողորկափող հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ: Ա․Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելու և ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հոդվածներով»,– ասված է հաղորդագրությունում։

Նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը։

ՔԿ–ն հայտնում է, որ նախաքննությունն արդեն ավարտվել է։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակում ձեռնարկվել էին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել էին դեպքի հանգամանքները, 8 անձի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ 7-ը հայտնաբերվել էին դեռ 2021 թվականին։

Leave a comment