ԽՍՀՄ տարիների լավագույն ցուցանիշին ենք հասել․ Ավինյանը՝ Երևանի կանաչ ֆոնդի մասին

Բաժանորդագրվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նշում է, որ նախորդ տարի ընդհանուր առմամբ հատվել է կենսունակությունը կորցրած 178 ծառ։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Վերջին 3,5 տարում Երևանի 60 հա կանաչ ֆոնդով հարստացումը հավասար է ԽՍՀՄ տարիների լավագույն ցուցանիշին։ Այս մասին Ավինյանը հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Այդ 60 հա-ն ավելին է, քան դրան նախորդած 22 տարվա ընթացքում ստեղծված կանաչ տարածքը։ Այսօր կանաչ տարածքների առումով մենք ունենք այն ցուցանիշը, որը եղել է Խորհրդային միության լավագույն տարիներին։ Սա նշանակում է, որ Երևանը նվազագույնը վերականգնել է»,- ասաց Ավինյանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ ընդգծեց, որ նախորդ տարի քաղաքում կանաչ տարածքների վերաձևավորում, դրանցում կենսունակությունը կորցրած կամ կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինում է իրականացվել 5 փողոցում։

«Ընդհանուր առմամբ հատվել է կենսունակությունը կորցրած 178 ծառ։ Դրանց փոխարեն տնկվել է 267 ծառ։ Փողոցային տնկարկներում լրացման և ձևավորման աշխատանք է կատարվել 25 փողոցում, որտեղ լրացուցիչ 302 հասուն ծառ է տնկվել։ Երևանի 17 փողոցում և 8 այգում ձևավորվել է 22 140 քմ սիզամարգ, իսկ 12 փողոցում իրականացվել է բոլորովին նոր ձևավորում մշտադալար թփերով ու այլ բուսատեսակներով։ Ծառերի էտում և ձևավորում էլ իրականացվել է 126 փողոցում, 817 բակում, 34 այգում և 123 հանրակրթական դպրոցում։ Ընդհանուր էտվել և ձևավորվել է 20 000 ծառ»,- նշեց Բեգոյանը։

Տիգրան Ավինյանն էլ վստահեցրեց՝ շատ ավելի մեծ նպատակներ ունեն ու դրանց հասնելու համար առաջիկայում պետք է ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարվեն։

Leave a comment