Չիկագոյում բնակվող, ռուսական արմատներով ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ստեղծված TRIPP+ հիմնադրամը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի զարգացման համար հատկացված ավելի քան 200 միլիոն դոլարը, այդ թվում՝ Հայաստանում կատարված ներդրումները, գրել է բրիտանական «The Guardian» թերթի՝ հղում անելով իր աղբյուրներին:
Սոկոլովի նշանակումը հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Ըստ թերթի՝ Սոկոլովը կդառնա հիմնադրամի նախագահ, որը լիազորված է վարկեր, դրամաշնորհներ և ներդրումներ տրամադրել տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և մասնավոր հատվածի զարգացման նախագծերում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Հիմնադրամը ստեղծվել է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության շրջանակներում, որը նախատեսում է Հարավային Կովկասով տրանսպորտային և էներգետիկ միջանցքի զարգացում։
Սոկոլովը Չիկագոյից ներդրող է, որը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել: Հրատարակության տվյալներով՝ նա Դոնալդ Թրամփի պարահանդեսային դահլիճի նախագծի 36 նվիրատուներից մեկն է եղել, որի արդյունքում հավաքագրվել էր ավելի քան 350 միլիոն դոլար: Սոկոլովի ներդրման չափը չի բացահայտվել: