ԱՄՆ Սենատը արգելափակել է 1.15 տրիլիոն դոլարի պաշտպանական հատկացումների օրինագիծը

ԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ արգելափակել է ազգային պաշտպանության հատկացումների 1.15 տրիլիոն դոլարի «մեգա-օրինագիծը»։

Քվեարկությունը եղել է 50 կողմ, 46 դեմ, և օրինագիծն առաջ մղելու համար անհրաժեշտ է եղել 60 ձայն։

Սովորաբար, նման պաշտպանական օրինագծերը Սենատում մեծ վեճեր չեն առաջացնում։ Վերջին անգամ, երբ պաշտպանական բյուջեի վերաբերյալ ընթացակարգային քվեարկությունը մեկ կուսակցության կողմից արգելափակվել է, դա եղել է 2010 թվականին։

Ներկայումս դեմոկրատները հրաժարվում են աջակցել օրինագծին, մինչև Կոնգրեսը չհամաձայնի խիստ սահմանափակումներ կիրառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու կարողության վրա։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ օրինագիծը միայն երկարաձգում է պատերազմը և թաքցնում կոռուպցիան։ Մինչդեռ հանրապետականները դեմոկրատների գործողությունները որակել են որպես քաղաքական խաղեր ԱՄՆ ազգային անվտանգության շուրջ։

Օրինագծով Պենտագոնին պետք է հատկացվեր 1.1 տրիլիոն դոլար, Էներգետիկայի նախարարությանը՝ 41 միլիարդ դոլար՝ երկրի միջուկային զինանոցը կառավարելու համար, և ևս 11 միլիարդ դոլար՝ պաշտպանության հետ կապված այլ գործունեության համար։ Փաստաթուղթը նաև ներառում է զինծառայողների աշխատավարձի 3.6%-ով բարձրացում և ներդրումներ կրթության, բնակարանային պայմանների, առողջապահության և զինծառայողների ընտանիքների երեխաների խնամքի ոլորտներում:

Օրինագիծը նաև ներառում է անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների զարգացման և խոշորածավալ նավաշինական նախագծերի ֆինանսավորում:

Politico-ն հաղորդել է, որ փաստաթղթի շուրջ վեճը նախանշում է ԱՄՆ կառավարության ևս մեկ փակում: Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, այն կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերին:

Leave a comment