Ինչու է նվազել ծնելիությունը և որտեղ է հատկապես նվազել. ժողովրդագրագետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանում ծնելիության նվազման հիմնական գործոնը Երևանում վերջին տարիների ծնելիության անկումն է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում ծնելիության ցուցանիշների նվազմանը․ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց։
«Կանխատեսումներ կային որ 2026-2028 թվականներին ծնելիության նվազում պետք է լիներ: Այստեղ հիմնական պատճառը նախորդ դարի ամենավատ ծնելության շրջանի՝ 1990-ականների և մասնավորապես 1990-ականների երկրորդ կեսի ծնվածների ամուսնական տարիք մուտք գործելն է»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ ըստ էության կար ամուսնությունների թվի պակաս:
Փորձագետի խոսքով՝ չնայած կանխատեսումներին 2024-ից ծնելիության թիվը կտրուկ նվազեց՝ 36 հազարից հասնելով մինչև 33 հազար:
«Ի տարբերություն մարզերի, որտեղ ծնելիությունը բավականին բարձր է, նվազել է Երևանի ծնելիության թիվը: 2020 թվականին մեկ կնոջ հաշվով ծնելիության գործակիցը հասել էր 2-ի, իսկ 2024-ին 1,350-ի է հասել: Մինչդեռ մարզերում, օրինակ Վայոց Ձորում, Սյունիքում գործակիցը հասել էր 2,3-ի»,-նշեց Մարկոսյանը և հավելեց, որ այս ամենի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է դեռ հետազոտություն անցկացնել:
Փորձագետը նաև բացատրեց, որ ծնելիության անկման վրա որոշակի ազդեցություն ունի կանանց աշխատաշուկայում ներգրավվելու հանգամանքը, ինչը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին բարձր ցուցանիշների է հասել: Նրա գնահատմամբ այս հանգամանքը նաև պատճառ է դարձել, որ վերջին տարիներին կանանց ամուսնական միջին տարիքը հասել է 30-ի:
Պատասխանելով հարցին, թե արդյոք սեռով պայմանավորված հղիության ընդհատումները ազդեցություն չեն ունեցել նման ցուցանիշների ձևավորման վրա, բանախոսը նշեց, որ չնայած աղջիկ երեխաների որոշակի կորուստներին այս փաստը այնքան էլ լուրջ հետևանքներ չի ունեցել ծնելիության անկման թվերի ձևավորման վրա:
«Աղջիկ երեխաների դեպքում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների հիմնական բարձր ցուցանիշներ ունենք օրինակ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, մինչդեռ լեռնային հատվածներում՝ Լոռիում, Սյունիքում, Վայոց Ձորում պատկերը հակառակն է: Սակայն 2014 թվականից այստեղ բարելավում ունենք, այն որ զույգը աղջիկ երեխային կպահի, ընդհանուր գործակիցը 1.118-ից իջել է՝ հասնելով 1.110-ի»,-նշեց Մարկոսյանը՝ հավելելով, որ սա դեռ չի իջել բնական նորմավորված վիճակի, որը պետք է լիներ գոնե 1.107-ը:
Նրա գնահատմամբ այս ամենի արդյնքնում 2000 թվականից մինչև հիմա մոտավորապես կորցրել ենք 60-65 հազար աղջիկ երեխա:
Փորձագետը նաև բացատրեց, որ անկախությունից սկսած սա ծնելիության միակ լուրջ անկման գործընթացը չէ: Նրա խոսքերով 1992-2002 թվականներին Հայաստանում ծնելիության լուրջ անկում ենք ունեցել, որը եթե վերածենք տոկոսային հարաբերակցությամբ կազմում է շուրջ 60 տոկոս:
«Եթե 1992 թվականին ծնվել էր մոտավորապես 70 հազար երեխա, ապա 2002 թվականին ծնվել էր մինչև 32 հազար երեխա: Սա լուրջ անկում էր: Բնականաբար կապված այդ ժամանակահատվածում տեղի ունեցող զարգացումների հետ՝ երկրաշարժ, պատերազմ, տնտեսական ցնցումներ, արտագաղթ»,-նշեց բանախոսը:
Մարկոսյանը բացատրեց, որ չնայած նման վատ ցուցանիշներին 2003 թվականից սկսել էր գրանցվել ծնելիության աճ, որը նա կապեց այդ ժամանակահատվածում նախորդ դարի 1980 ականների ծնվածների ամուսնական տարիք մուտք գործելու հետ, որը բավականին շատ էր:
«Եթե այդ ժամանակահատվածում ունենայինք խթանման ժողովրդական քաղաքականություն մենք ավելի մեծ թվով ծնունդներ կունենայինք: Այս աճը շարունակվեց մինչև 2010 թվականը: Բացարձակ թվերով եթե ասենք 2002-2010-ին 32 հազարից հասավ 42 հազար երեխայի: Սպասումներ կային, որ պետք է շարունակվեր, բայց այն 2011-ից սկսեց նվազել: Այս դեպքում գործոնները կրկին տարբեր էին, սոցիալ-տնտեսական իրավիճակը, արտագաղթը՝ պայմանավորված երկրի ապագային չհավատալով: Եթե խթաններ լինեին պետք է ծնելության թվերի աճ ունենայինք»,-նշեց փորձագետը՝ եզրակացնելով, որ այդ ժամանակահատվածում ժողովրդագրական քաղաքականություն չի եղել:
Փորձագետը հիշեցրեց, որ միայն 2009 թվականին է ընդունվել ծնելիության խթանման ռազմավարություն, որի արդյունքում 2014 թվականից սկսվել էր կիրառվել երրորդ և չորրորդ երեխայի համար 1 մլն, իսկ հինգերորդի, վեցերորդի և ավելիի համար 1,5 մլն միանվագ դրամական նպաստի, ծրագիրը: Չնայած այս ամենին անկումը շարունակվել էր ու մինչև 2017 թվականը կտրուկ անկում գրանցվել՝ 44-ից հասնելով մինչև 36 հազարի:
Բանախոսը բացատրեց, որ կայունացում գրանցվել էր 2018-ից 2023 թվականը, երբ ծնելիությունը չէր նվազում, բայց չէր էլ աճում, որի պատճառը
«Պատճառը 2020 թվականից նոր նախաձեռնությունների մուտք գործելն էր: Գյուղական բնակավայրերում չաշխատող կանայք սկսել էին երեխայի խնամքի նպաստ ստանալ՝ մինչև երեխայի երկու տարեկանը, իսկ աշխատող կանայքի սկսել էին դրա կրկնակին ստանալ: Կարող ենք համարել, որ մինչև 2020 թվականը գյուղական բնակավայրերում ծննդաբերող կանայք պետությունից որևէ աջակցություն չէին ստանում»,-նշեց Մարկոսյանը:
Նա հավելեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ գյուղերում ծնելիության գործակիցը միշտ բարձր է եղել, սակայն 29 տարիների ընթացքում այնպիսի իրավիճակ էր ձևավորվել, որ գյուղերում շատ վատ վիճակ էր առաջացել:
«Ծնելիության ստաբիլությանը նպաստել էր նաև 2022 թվականի գործարկված հաջորդ ծրագիրը, որի շրջանակներում հաջորդ երեխայի ծնվելու դեպքում մինչև 6 տարեկան դառնալը պետությունը սկսել էր 50.000 դրամ տալ: 2014 թվականի հետ սրանք դարձան համախումբ ծրագրեր և սկսել էր գործարկվել նաև բնակարանային աջակցության ծրագրերը»,-նշեց Մարկոսյանը:
Փորձագետը նաև բացատրեց, որ ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ծնելիությունը կայուն մնաց նաև քովիդի համաճարակից և պատերազմից հետո: