Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հասարակություն

15.07.2026 | 13:25

Համացանցում տեսանյութ է տարածվել Վարդավառի օրը՝ հուլիսի 12-ին, Երևանի Վաղարշյան փողոցի բակերից մեկում տեղի ունեցած միջադեպից, որի ընթացքում կրակոցներ են հնչում։ Տեսանյութի սկզբում երևում է, թե ինչպես է սպիտակ շապիկով և գլխարկով մի տղամարդ ատրճանակը ձեռքին մոտենում սև շապիկով տղամարդուն և կրակում նրա ոտքին։ Ապա նույն տղամարդը կրակոցներ է արձակում մեքենայի ուղղությամբ։ 

Դրանից հետո այդ մեքենան վրաերթի է ենթարկում կրակոցներ արձակողին։ Լսվում են մարդկանց աղաղակներն ու բղավոցները։ Տեսանյութն այդքանով ավարտվում է։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից սպանության փորձի և մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով։

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ 

Մեր տեղեկություններով՝ անձը, որի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումը, կրակողին վրաերթի ենթարկած վարորդն է։ Ի դեպ, կրակոցներ արձակած երիտասարդը դիմել է փախուստի։

Արփի Հակոբյան

 

Leave a comment