Zeekr պրեմիում ապրանքանիշի ղեկավարությունը հայտարարել է, որ ընկերությունը նախատեսում է թողարկել հզոր արտաճանապարհային ամենագնաց, որը ոճով և հնարավորություններով կդառնա լեգենդար Mercedes-Benz G-Class-ի մրցակիցը։
Չինական ընկերության փոխնախագահ Մարս Չենի խոսքով՝ Zeekr-ին անհրաժեշտ է մոդել, որը կկարողանա հաղթահարել ամենաբարդ արտաճանապարհային պայմանները։ Միաժամանակ արդեն հայտարարվել է, որ նոր մոդելը կունենա քառակուսի դիզայն՝ հստակ երկրաչափական գծերով, կտրուկ եզրերով, արտահայտիչ անցումներով, բարձր տանիքով և տպավորիչ չափերով։
Միևնույն ժամանակ Մարս Չենը ընդգծել է, որ խոսքը Mercedes-Benz G-Class-ի կույր կրկնօրինակման մասին չէ։ Geely-ի պրեմիում ապրանքանիշը նպատակ ունի մի շարք ցուցանիշներով գերազանցել գերմանական ամենագնացին, հատկապես էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ հաշվի առնելով Geely-ի համագործակցությունը Baidu և Huawei ՏՏ հսկաների հետ։
Եթե Zeekr-ին հաջողվի ստեղծել լիարժեք արտաճանապարհային ամենագնաց, այն կկարողանա արժանի մրցակցություն ապահովել Fangchengbao ապրանքանիշի մոդելներին, որը BYD-ի բազմաթիվ բրենդներից մեկն է։ Ներկայումս ընկերությունն առաջարկում է երկու նման մոդել՝ Bao 5-ը և Bao 8-ը, որոնք մրցում են նաև Land Rover Defender-ի հետ։ Որոշ շուկաներում դրանք վաճառվում են նաև Denza ապրանքանիշի ներքո։ Երկու մոդելներն էլ աչքի են ընկնում հարուստ համալրմամբ և եվրոպական մրցակիցներին գերազանցում են ինչպես ուժային համակարգերի արդյունավետությամբ, այնպես էլ էլեկտրոնային հագեցվածությամբ։
Ներկայում Zeekr-ի մոդելային շարքում արտաճանապարհային ուղղությունը ներկայացնում է 9X մոդելը, որը ներկայացվել էր անցյալ տարի։ Արտաքին տեսքով այն հիշեցնում է Rolls-Royce Cullinan-ի և Land Rover Range Rover-ի համադրությունը։ Մոդելի շարժիչային համակարգը հիմնված է լիցքավորվող հիբրիդային ուժային կայանքի վրա։ Հիմնական տարբերակում այն ներառում է 2.0-լիտրանոց տուրբոշարժիչ-գեներատոր, որն աշխատում է երկու էլեկտրաշարժիչների հետ՝ ապահովելով ընդհանուր 885 ձիաուժ հզորություն։ Հասանելի է նաև ավելի հզոր տարբերակ՝ երեք էլեկտրաշարժիչով, որի ընդհանուր հզորությունը հասնում է 1381 ձիաուժի։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։