Փրկել են Երևան-Երասխ ճանապարհին վթարից տուժած աղջկա կյանքը, հայրը ողջ է, իսկ տատիկը կյանքից հեռացել էր․ Shamshyan

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հուլիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Dodge»-ը վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Գոռ Վ.-ն, «Ford»-ը վարել է Երևանի բնակիչ 48-ամյա Սուրեն Ս․-ն, իսկ «Hyundai Sonata»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Գ.-ն։

Վթարի հետևանքով «Արտաշատ» բժշկական կենտրոն էին տեղափոխվել վարորդներից Անդրանիկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 66-ամյա Անահիտ Գ.-ն, իսկ մյուս ուղևոր 5-ամյա Անահիտ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Որոշ ժամանակ անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Անահիտ Գ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախ «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների, հետո արդեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը, իսկ մահացածը նրա տատիկն էր։

 

Leave a comment