Այսօր և վաղը Երևանի որոշ փողոցներ կփակվեն․ ոստիկանությունը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 9-ին և 10-ին մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ոստիկանությունը։
Փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից 21։00-ն, կսահմանափակվի երթևեկությունը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ,
Փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, կսահմանափակվի երթևեկությունը Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկին-Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: