Իրանի բանակը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին մինչև վերջնական հաղթանակ։ IRNA-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Իրանի բանակի հայտարարության մեջ։ Նշվում է, որ հրադադարի խախտվելուց ի վեր Իրանը վեց անգամ անօդաչուներով հարձակվել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա: Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Քուվեյթի Մինա Աբդուլլահ նավահանգստում գտնվող ԱՄՆ բանակի գլխավոր ուսումնական և նյութատեխնիկական ապահովման կենտրոնին։ Նաև ԱԹՍ-ների միջոցով Իրանի բանակը երկրորդ հարձակման ալիքն է իրականացրել Հորդանանում գտնվող ԱՄՆ «Ալ-Ազրաք» ավիաբազայի ուղղությամբ։
Ավելի ուշ Կորպուսը հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ հինգերորդ նավատորմի կառավարման կենտրոնի, ռազմական տեխնիկայի և վառելիքի պահեստներին հարվածելու մասին։ Իր հերթին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի առափնյա շրջաններում գտնվող տասնյակ օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հայտարարության մեջ նշվում է, որ 7 ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական հրթիռային օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի բազաներին, ռազմածովային ուժերին և առափնյա պաշտպանության համակարգերին։