Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածների արդյունքում Քուվեյթի տարածքում ոչնչացվել են ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և Patriot հակաօդային պաշտպանության համալիրներ։
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ գործողությունը պատասխան է եղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրանի հարավային շրջաններում իրականացված գիշերային ավիահարվածներին։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ամերիկյան ավիացիան շուրջ յոթ ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ թիրախում են եղել հրթիռային բազաները, ռազմածովային ուժերի ենթակառուցվածքները, առափնյա պահպանության համակարգերը և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) բազաները։