Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ

Քաղաքականություն

14.07.2026 | 22:47

Մոսկվան ակնկալում է, որ Անկարան Կիևին ոչ հաճելի ազդանշան կուղարկի «Կապույտ հոսք» գազատարի ենթակառուցվածքների վրա պարբերական հարձակումների պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Չադի արտաքին գործերի նախարար Աբդուլայե Սաբրե Ֆադուլի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ուշադրություն է հրավիրել Կիևի կողմից ոչ միայն Ազովի ծովում, այլև Սև ծովում իրականացված, իր բնորոշմամբ, «ահաբեկչական հարձակումների» ուղղությամբ:

«Հենց երեկ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուկրաինական անօդաչու նավակների կողմից թուրքական նավերի, լցանավերի և թուրքական բեռներ տեղափոխող այլ նավերի դեմ իրականացվել են նոր՝ բավականին հզոր հարձակումներ: Սա առաջին դեպքը չէ, չհաշված այն, որ «Կապույտ հոսքի»՝ Թուրքիա տանող գազատարի ենթակառուցվածքները պարբերաբար ենթարկվում են ահաբեկչական հարձակումների»,- հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ թուրք գործընկերներից հետաքրքրվել են, թե ինչպես են նրանք պատրաստվում արձագանքել իրավիճակին։

«Հույս ունենք, որ նրանք կկարողանան հրապարակային գնահատական տալ այս իրադարձություններին և կոշտ, ոչ հաճելի ազդանշան ուղարկել Կիևի ահաբեկչական ռեժիմին»,- հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment