«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»

ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումի ընդունումը։ Ընկերությունը պահանջել էր ճանաչել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասի՝ որպես բացառիկ միջոց օտարման իրավահարաբերություն գոյություն չունի։ Դատարանը գտել է, որ ներկայացված հայցը ենթակա չէ քննության վարչական դատարանում։

«ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։

«ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության

բացակայությունը Ճանաչելու պահանջի մասին:

Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, եւ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը:

Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ դատարանում քննության»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի շուրջ գործընթացը սկսվել էր 2025 թվականին, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին ընկերության պետականացման անհրաժեշտության մասին։

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասի սեփականատերը, տարբեր դատական գործընթացներում վիճարկել է ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող քայլերը։ Ավելի վաղ Վարչական դատարանը մերժել էր ընկերության հայցը ՀԾԿՀ որոշման դեմ, որով դադարեցվել էր ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։

Վերջին դիմումով «Տաշիր Կապիտալ»-ը պահանջել էր ճանաչել, որ կառավարության կողմից ՀԷՑ-ի 70 տոկոս բաժնեմասի օտարման իրավահարաբերություն գոյություն չունի։ Սակայն Վարչական դատարանը գտել է, որ նման պահանջը ենթակա չէ վարչական դատարանում քննության և մերժել է հայցադիմումի ընդունումը։

Կառավարությունը հայտարարել է, որ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը շարունակվում է օրենքի շրջանակում։

Leave a comment