Ռուսաստանում թվային ռուբլու լայնածավալ կիրառման դեպքում տնտեսության համար հնարավոր տարեկան տնտեսական օգուտը կարող է հասնել 423 մլրդ ռուբլու։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կենտրոնական համալսարանի հետազոտությանը։ Նշված գնահատականը ներկայացնում է նոր ֆինանսական գործիքի համատարած ներդրման դեպքում ակնկալվող առավելագույն տնտեսական ազդեցությունը։
Տնտեսական օգուտի հիմնական մասը կստանա իրական հատվածը, որի տարեկան շահույթը գնահատվում է 348 մլրդ ռուբլի։ Դա պայմանավորված կլինի դրամական փոխանցումների ծախսերի կրճատմամբ, վճարումների արագացմամբ և տարբեր գործընթացների ավտոմատացմամբ։
Բանկային ոլորտն, իր հերթին, կկարողանա տարեկան լրացուցիչ 75 մլրդ ռուբլի եկամուտ ստանալ՝ բիզնեսին առաջարկելով սմարթ-պայմանագրեր և նոր գանձապետական ծառայություններ։
Ամենամեծ ներդրումը կապահովեն կենտրոնական բանկերի թվային արժույթներով իրականացվող անդրսահմանային գործարքները, որոնք կարող են ապահովել մինչև 130 մլրդ ռուբլու տնտեսական ազդեցություն։ Սովորական վճարումների էժանացումը կտա ևս 128 մլրդ ռուբլի, իրացվելիության ավելի արդյունավետ կառավարումը՝ 100 մլրդ ռուբլի, իսկ բարդ գործարքների համար սմարթ-պայմանագրերի կիրառումը՝ լրացուցիչ 65 մլրդ ռուբլի։
Թվային ռուբլու զանգվածային ներդրումը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից։ Այդ օրվանից սկսած՝ Ռուսաստանի առաջատար վարկային կազմակերպությունները պարտավոր կլինեն իրենց հաճախորդներին հնարավորություն տրամադրել բացել թվային դրամապանակներ՝ ազգային արժույթի նոր՝ թվային ձևաչափով գործառնություններ իրականացնելու համար։