Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել․ Ռադան աջակցել է որոշմանը

Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյի հրաժարականին։ Այս որոշումը նշանակում է ամբողջ կառավարության հրաժարականը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ռադայում որոշմանն աջակցել են 258 պատգամավորներ։

«Ուկրաինսկայա պրավդա»-ի նախագահական թիմի աղբյուրների համաձայն՝ հուլիսի 14-ի դրությամբ՝ Սվիրիդենկոն չէր համաձայնվել վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո ստանձնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները։

Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակն էր հայտնել, որ Սվիրիդենկոն ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան կդառնա։ Միաժամանակ, լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործոծղ դեսպան Օլգա Ստեֆանիշինան անձնական պատճառներով խնդրել է հեռանալ պաշտոնից։

Կիրակի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում շուտով կսկսվեն կադրային փոփոխություններ, որոնք պետք է երաշխավորեն թարմացված քաղաքական ռազմավարության իրականացումը: Դրան հասնելու համար, նրա խոսքով, անհրաժեշտ է կաբինետի վերադասավորում։

Զելենսկին շնորհակալություն էր հայտնել Սվիրիդենկոյին «հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի համար» և առաջարկել նրան «հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունների նոր, նշանակալի ոլորտի» ղեկավարի պաշտոնը։

Թեև նոր վարչապետի վերջնական թեկնածու դեռևս չի ընտրվել, կառավարությունն այժմ քննարկում է չորս թեկնածուի անուն՝ «Նաֆթոգազի» վարչության նախագահ, «Ուկրնաֆթի» տնօրեն Սերգեյ Կորեցկի, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալ, պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորով և Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխով։

Ըստ տեղեկությունների՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին Սերգեյ Կորեցկիի հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ղեկավարել նախարարների կաբինետը։ Կորեցկին պատասխանել է, որ պատրաստ է փորձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment