Անգլիայի բանկի ղեկավարը Մերձավոր Արևելքում էսկալացիան համարում է Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող վտանգ

Մեծ Բրիտանիայի բանկային համակարգը շարունակում է մնալ կայուն, սակայն ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների վերսկսումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի ֆինանսական կայունության վրա, հայտարարել է Անգլիայի բանկի ղեկավար Էնդրյու Բեյլին։

Անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը պահպանել էր հիմնական տոկոսադրույքն անփոփոխ, և այդ ժամանակ Բեյլին նշել էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմի հետ կապված ռիսկերը գտնվում են կարգավորողի կանխատեսումների ստորին սահմանի մոտ։

Այսօր Ֆինանսների նախարարության հանձնաժողովում ելույթ ունենալիս Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ պետք էր վերապահում անել, քանի որ իրավիճակը բնութագրվում է բարձր անկայունությամբ, և ձեռք բերված հրադադարի համաձայնությունը կարող է խախտվել։ Նրա խոսքով՝ վերջին օրերին խաղաղ բանակցությունների դադարեցումն ու հարվածների վերսկսումը ևս մեկ անգամ ընդգծում են ֆինանսական կայունության համար առկա ռիսկերը։

Էսկալացիայի նոր ալիքի ֆոնին նավթի գները բարձրացել են՝ հասնելով վերջին մեկ ամսվա առավելագույն մակարդակին, իսկ Մեծ Բրիտանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Բացի այդ, ներդրողները մեծացրել են ընթացիկ տարվա ընթացքում Անգլիայի բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականության գնահատականը։

Leave a comment