Ավելի քան 1000 օր անազատության մեջ. Եվրախորհրդարանում քննարկվում է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը․ Natnews

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, պատանդների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ արդեն ավելի քան 1000 օր տևող գերության ֆոնին, Եվրոպական խորհրդարանում մեկնարկում է կարևորագույն քննարկում։ Հուլիսի 14-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի կենտրոնակայանում, անցկացվում է «Հայ քաղբանտարկյալները Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը։

Միջոցառումը համատեղ հյուրընկալում են Եվրախորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Սլովակիա)՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի (EAFJD) աջակցությամբ ու համակարգմամբ։

Համաժողովի նպատակն է միջազգային հանրությանը և եվրոպական կառույցներին ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների իրական վիճակի թարմացված գնահատականը։ Օրակարգում ներառված են Բաքվի կողմից իրականացվող քաղաքականացված դատավարությունների, կամայական ձերբակալությունների ու կայացվող ապօրինի, խիստ դատավճիռների վերաբերյալ հարցերը։ Եվրոպացի գործընկերների հետ քննարկվելու են նաև այս խնդրի ազդեցությունը եվրոպական մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վրա։

Այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանություններն ամբողջությամբ պասիվ դիրք են որդեգրել և խուսափում են միջազգային բարձր հարթակներում Բաքվի բանտերում տանջվող մեր հայրենակիցների ու Արցախի ղեկավարների հարցը կոշտ դնելուց, սփյուռքի կառույցներն ու եվրոպացի հայանպաստ գործիչները ստիպված են սեփական ուժերով առաջ մղել այս կենսական օրակարգը։ Միայն միջազգային հետևողական ճնշումներն ու նմանատիպ ազդեցիկ քննարկումները կարող են ստիպել Ալիևի վարչախմբին հրաժարվել հայ պատանդներին որպես քաղաքական առևտրի առարկա օգտագործելուց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment