Չինաստանում հաջորդ տարի ուժի մեջ կմտնի էլեկտրամոբիլների և արտաքինից լիցքավորվող հիբրիդների (PHEV) սեփականատերերի համար նախատեսված արտոնությունների աստիճանական կրճատման նոր փուլը։ 2027 թվականի հունվարի 1-ից պետությունը կդադարեցնի նման ավտոմեքենաների գնման հարկի փոխհատուցումը, իսկ լիցքավորվող հիբրիդների համար կչեղարկվի նաև տրանսպորտային հարկի փոխհատուցումը։
2013 թվականից Չինաստանն ակտիվորեն աջակցում էր այս ոլորտին՝ տրամադրելով սուբսիդիաներ և հարկային արտոնություններ։ Իշխանությունները փոխհատուցում էին «կանաչ» ավտոմեքենաների գնման արժեքի մինչև 30%-ը, ինչը դրանք դարձնում էր սպառողների համար ավելի մատչելի: Սկզբնապես նախատեսվում էր արտոնությունները վերացնել 2020 թվականին, սակայն COVID-19 համավարակի պատճառով այդ գործընթացը հետաձգվեց։ Արտոնությունների փուլային կրճատումը սկսվեց միայն 2022 թվականին։
Հիմնական նորամուծությունն էլեկտրամոբիլների և PHEV-ների գնման հարկի փոխհատուցման վերացումն է։ Ներկայումս այդ հարկը կազմում է ավտոմեքենայի արժեքի 10%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է մինչև 30 հազար յուան։ Եթե արտադրողները չորոշեն կրճատել իրենց շահույթի մարժան, դա կարող է հանգեցնել ավտոմեքենաների գների շուրջ 10% աճի։
Միաժամանակ հարկ է նշել, որ Չինաստանում արդեն գործում է ավտոմոբիլային արդյունաբերության գնագոյացման մասին օրենք, որն արգելում է ավտոմեքենաների և պահեստամասերի վաճառքն ինքնարժեքից ցածր գնով։
Բացի այդ, լիցքավորվող հիբրիդների համար կվերացվի տրանսպորտային հարկի փոխհատուցումը։ Նախկինում պետությունն ամբողջությամբ հոգում էր այդ ծախսը։ Միևնույն ժամանակ մինչև 1.6 լիտր շարժիչի ծավալ ունեցող ներքին այրման շարժիչով սովորական ավտոմեքենաների տրանսպորտային հարկը կրճատվել էր երկու անգամ։
Փոխհատուցման վերացումը կարող է հանգեցնել մատչելի մոդելների (մինչև 300 հազար յուան արժողությամբ) գների բարձրացման, ինչպես նաև նվազեցնել պոտենցիալ գնորդների հետաքրքրությունը։
Այս ֆոնին Չինաստանում աճում է արտաքինից լիցքավորման հնարավորություն չունեցող ավանդական հիբրիդների պահանջարկը։ Դրանք աստիճանաբար շուկայի մասնաբաժին են խլում ինչպես PHEV-ներից, այնպես էլ ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաներից։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։