Քաղաքականություն
14.07.2026 | 14:37
Իրանի հետ շարունակվող փոխադարձ հարվածների ֆոնին Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվ դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում քաղաքականություն ձևավորելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի նոր վարչապետ Ալի ալ-Զաիդիի հետ։
Իրանի հարցը, ըստ ամենայնի, մեծ տեղ կզբաղեցնի քննարկումներում։ Իրաքը ճնշման տակ է՝ զինաթափելու երկրում գործող և Իրանի կողմից աջակցվող զինյալների ցանցը, որոնցից մի քանիսը հարձակումներ են գործել ԱՄՆ բազաների և դիվանագիտական հաստատությունների վրա, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։
Պաշտոնապես, Իրաքի կառավարությունը ոչ պետական զինված խմբավորումներին մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել զինաթափվելու համար, սակայն ամենաազդեցիկներից մի քանիսը հայտարարել են, որ նման մտադրություն չունեն։
Հռոմում նախատեսվում է սկսել ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա բանակցություններ։ Դրանք կկենտրոնանան փորձնական ծրագրի վրա, որի շրջանակում Լիբանանի զինված ուժերը կտեղափոխվեն Իսրայելի պաշտպանության բանակի կողմից լքված տարածքներ։
Լիբանանի նախագահականն ավելի վաղ հայտարարել է, որ Հռոմ մեկնած լիբանանյան պատվիրակությունը «կպահանջի իսրայելական ուժերի անհապաղ դուրսբերման մեկնարկը»՝ նախքան որևէ հետագա քննարկում։
Բանակցությունների բովանդակությանը ծանոթ լիբանանյան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ «լիբանանյան բանակը պատրաստ է աստիճանաբար վերահսկողություն սահմանել այն վայրերի նկատմամբ, որտեղից իսրայելական բանակը դուրս կգա»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Պետքարտուղարությունում կհանդիպի Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի հետ։ Վերջին շաբաթվա ընթացքում Հորդանանը բազմիցս ենթարկվել է Իրանի կողմից հրթիռային հարձակման։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի