Փարիզն Ուկրաինային SCALP թևավոր հրթիռներ արտադրելու արտոնագիր կտրամադրի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայի» գագաթնաժողովից հետո։ Բացի դրանից՝ Կիևը կստանա կառավարվող ավիացիոն զինամթերքի և զենիթային հրթիռների արտադրության արտոնագրեր: Ուկրաինան նաև մտադիր է ֆրանսիական 16 Rafale կործանիչ գնել։ Դրանք Ուկրաինայում օդ կբարձրացվեն 2028-2029 թվականներին:
Նաև հայտարարվել է հակահրթիռային պաշտպանության կոալիցիայի ստեղծման մասին։ Դրան անդամակցում են Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան, Նորվեգիան և Դանիան։ «Կարծում ենք, որ Եվրոպան պաշտպանելու համար անհրաժեշտ է ձևավորել ինտեգրված ճարտարապետություն՝ հրթիռային հնարավոր սպառնալիքները կանխելու և հակազդելու համար»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։
ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան էլ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ բրիտանական պաշտպանական ընկերությունները կարող են ներգրավվել Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի փաթեթին։ Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Կիևը այլևս ստիպված չի լինի առանձին թույլտվություն ստանալ բրիտանական արտադրողներից սարքավորումներ գնելու համար։
Դիտումների քանակ4