Քաղաքականություն
14.07.2026 | 13:47
Ալբանիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ձևավորումը, եվրոպական ինտեգրման փորձի փոխանակումը և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
«Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) հանդիպել է Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահ Կլոդիանա Սպահյուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և առաջարկել ձևավորել երկու երկրների խորհրդարանների միջև կապեր, նախաձեռնել փոխադարձ այցեր և փորձի փոխանակում, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման և օրենսդրական բարեփոխումների ոլորտներում։
Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ հարաբերությունների դինամիկ զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերին։
Կլոդիանա Սպահյուի խնդրանքով ներկայացվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։
Կլոդիանա Սպահյուն ողջունել է միջխորհրդարանական կապերի հաստատման նախաձեռնությունը։ Նա նաև ընդգծել է ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում Ալբանիայի փորձը Հայաստանի հետ կիսելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը, ինչպես նաև զբոսաշրջության և առկա ուղիղ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։