Եվրամիությունը պինդ է բռնել Հայաստանի պարանոցը և, մեր պետության մասին չափազանց մեծ մտահոգության անվան տակ, տարատեսակ նախաձեռնություններ է գործարկում այստեղ, միայն թե մեզ կտրի Ռուսաստանի հետ ցանկացած հարաբերությունից ու շփումից։
Սցենարը նոր չէ, այն արդեն փորձարկվել է մեր տարածաշրջանում՝ Վրաստանում, ինչպես նաև Մոլդովայում, Էստոնիայում և, ի վերջո, Ուկրաինայում, և մենք տեսել ենք դրա հետևանքները, հասկացել Եվրամիության իրական նկրտումները։ Հիմա հերթը Հայաստանինն է, որի համար Ռուսաստանը ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ուներ մինչև գունավոր հեղափոխությունը։
Հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ՀՀ իշխանությունները դեմքով կտրուկ շրջվեցին դեպի Եվրամիություն՝ աստիճանաբար սառեցնելով հարաբերությունները ռուսաստանյան ռազմավարական կառույցների հետ։ Վերջին կապող օղակը թերևս ընդհանուր տնտեսական գոտին էր, առևտրաշրջանառությունը, ինչը ևս վերջին ժամանակահատվածում ճգնաժամ է ապրում։ Կարծես թե ամեն ինչ գնում է Եվրամիության ցանկալի պլանով։ Եվ գուցե հայ-ռուսական հարաբերություններին վերջին հարվածը հասցնելու մտադրությամբ հիմա էլ Եվրամիության խորհուրդը Հայաստանում մեկնարկում է Եվրամիության գործընկերային առաքելությունը («EUPM Հայաստան»)՝ Անվտանգային և պաշտպանական ընդհանուր քաղաքականության շրջանակում:
Քաղաքացիական առաքելությունը, իբրև խորհրդատվություն, աջակցելու է հայաստանյան իշխանություններին՝ «բարելավելու երկրի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ, այդ թվում՝ կիբեռսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության, անօրինական ֆինանսական հոսքերի»։ Այդ առաքելությունը պաշտոնապես հիմնադրվել է այս տարվա ապրիլի 21-ին, ինչպես նշված է առաքելության փաստաթղթերում՝ Հայաստանի կառավարության խնդրանքով: Առաքելության սկզբնական մանդատը երկու տարի է, այն հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ երկրներից գործուղված փորձագետներից: Հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել Կոսմին Գեորգե Դինեսկուն, ով Մոլդովայում ԵՄ գործընկերային առաքելության առաջին ղեկավարն է:
Նշվում է, որ «EUPM Հայաստան»-ը ԵՄ ավելի լայն և հետևողական մոտեցման մաս է կազմում, որը համատեղում է կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցությունը՝ Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը նպաստելու համար: Այն արտացոլում է ԵՄ վճռական հանձնառությունը՝ աջակցելու երկրի դիմակայունությանը և ժողովրդավարական ինստիտուտներին։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն էր Հայաստան կատարած այցից հետո հայտնել «EUPM Հայաստան» առաքելության տեղակայման մասին՝ հայտարարելով, թե. «Եվրամիությունը Հայաստանի համար տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ է ներկայացրել՝ օգնելու դիմակայել Ռուսաստանի ճնշմանը: Եվ հիմա էլ այնտեղ տեղակայում ենք ԵՄ նոր առաքելություն, որով կօգնենք Հայաստանին միայնակ չմնալու արտաքին հարկադրանքին դեմ հանդիման»: ԵՄ պաշտոնյայի հավաստմամբ՝ Եվրամիությունը դիմակայուն, անկախ Հայաստանի և սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի մեծագույն պաշտպանն է:
Ակնհայտ է, որ այդ առաքելության թիրախը Ռուսաստանի Դաշնությունն է լինելու, այլ ոչ թե, ասենք, Ադրբեջանից կամ Թուրքիայից Հայաստանին ուղղված սպառնալիքները, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ու թուրքական ոտնձգությունները, Հայաստանի տարածքները Ադրբեջանի կողմից օկուպացնելը, Սահմանադրությունից Անկախության հռչակագրին արված հղումը վերացնելը, ինչն ինքնիշխանության դեմ ուղղորդված ու հստակ մարտահրավեր է։
Արդյո՞ք Եվրամիությունը չի տեսնում մեր ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականության դեմ իրականացվող այս քայլերը և մտադիր չէ՞ օգնել իրենց սիրելի Փաշինյանի ղեկավարած պետությանը դիմակայելու դրանց, թե՞ միակ նպատակն ու բաղձանքը Ռուսաստանի թիկունքում արևմտյան հերթական բարիկադի ստեղծումն է, իսկ հայ ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունն ու ժողովրդավարական միջավայրն ապահովելն ընդամենը շղարշ են՝ իրենց դավադիր ծրագրերը քողարկելու համար։
Սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի իրավունքի մեծագույն պաշտպան ներկայացող եվրոչինովնիկ տիկին Կայա Կալլասն անձա՞մբ է հարցրել մեր ժողովրդին, թե իր համար ինչ ճակատագիր է ուզում, որ նման ամպագոռգոռ հայտարարություններ է անում։ Նա հետաքրքրվե՞լ է, օրինակ, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող ու դրա շնորհիվ իր ընտանիքի գոյությունը հոգացող հային, թե ինչպե՞ս է հետագայում իր ապրուստի միջոցը հոգալու, եթե ՌԴ-ի հետ իր թեթև ձեռքով Հայաստանի կապերը խզվեն։ Այդ տիկինն իր գրպանի՞ց է նման ընտանիքների հոգսը քաշելու, այդ ժամանակ քանի՞ միլիոն եվրո է խոստանալու տալ Հայաստանին՝ որպես փոխհատուցում, ու հետո հաջողությամբ մոռանալու դրա մասին կամ մի երկու մանրադրամ շպրտելու այդ մարդկանց ուղղությամբ, որ հետո ասի, թե հայ ժողովրդին մենակ չթողեց դժվար պահերին։ Իսկ գուցե այդ հայերին Եվրոպաներո՞ւմ է աշխատանք առաջարկելու, որտեղ հենց տեղի բնակչությունն աշխատանքի լուրջ խնդիրներ ունի։
Ո՞րն է ԵՄ չինովնիկների համար հիբրիդային սպառնալիքը։ Գուցե ամերիկյան կենսաբանական լաբորատորիանե՞րը, որոնց կասկածելի գործունեությունը գաղտնի է պահվում հենց մեզնից, չնայած դրանք արդեն քանի տարի է՝ հաջողությամբ գործունեություն են ծավալում մեր պետության տարածքում ու հույժ փակ և գաղտնի ռեժիմով են գործում։ Ինչո՞ւ ԵՄ-ն այդ մարտահրավերը չի դիտարկում իր պայքարի թիրախներում։ Այդ լաբորատորիաներին տրվող ֆինանսավորումը արդյո՞ք անօրինական ֆինանսական հոսք չի կարելի համարել՝ հաշվի առնելով դրանց գործունեության նպատակները։ Եթե հավատանք Ուկրաինայում Ռուսաստանի կողմից այդպիսի լաբորատորիաներում իրականացված հետազոտության արդյունքներին, դրանցում լուրջ կենսաբանական զենք է պատրաստվում։ Անգամ ԱՄՆ նախագահ Թրամփն է հայտարարել աշխարհի տարբեր երկրներում նման լաբորատորիաների գործունեության ֆինանսավորումը դադարեցնելու մասին։
Հիմա սա միջամտությո՞ւն է այլ պետության գործերին, թե՞ ոչ։ Այդպե՞ս է պատկերացնում Եվրամիությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդումը։ Մեր պետությունը հասել է մի շեմի, երբ արդեն գյուղատնտեսության գոյությունն է հարցականի տակ, քանի որ ԵՄ «բարի» խորհրդով Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան ամեն ջանք գործադրեց, որպեսզի ռուսական շուկան փակվի հայ գյուղացիների համար՝ առանց այլընտրանքի։ ԵՄ պաշտոնյաների համոզմամբ՝ դա Հայաստանի քաղաքական և տնտեսական իմունիտետի վրա դրակա՞ն ազդեցություն է ունենալու։ Նման պնդումները ևս տեղեկատվական մանիպուլյացիա են, ինչի դեմ, իբրև թե, եվրոպական քաղաքակրթությունը եկել է պայքարելու Հայաստանում։
Թագուհի Ասլանյան