Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և Startup Armenia գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Սևանի ափին կանցկացվի «Seaside Startup Summit Armenia 2026» միջազգային տեխնոլոգիական և ձեռնարկատիրական միջոցառումը։

ԲՏԱՆ-ից հայտնում են, որ սամմիթը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Միջոցառման կազմակերպման համար 2025 և 2026 թվականներին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն դրամ՝ նպատակ ունենալով խթանել նորարարական գաղափարների զարգացումը, տեխնոլոգիական ձեռնարկատիրությունը և գիտելիքահենք տնտեսության ձևավորումը։

Կազմակերպիչների խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում հայկական ստարտափների համար ընդլայնելու միջազգային կապերը, ներգրավելու ներդրումներ և բարձրացնելու մրցունակությունը համաշխարհային շուկայում՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի դիրքերի ամրապնդմանը։

Մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին ոչ ֆորմալ ճամբարային ձևաչափով կհավաքվեն տարբեր երկրներից ժամանած ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, տեխնոլոգիական ընկերությունների մասնագետներ, մենթորներ և նորարարության ոլորտի փորձագետներ։

«Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում նախատեսվում են մի շարք թեմատիկ միջոցառումներ՝ World Youth Environment Festival, Sevan AgriTech Summit, WineTech Innovation Summit, Cyber Insurance Summit, Mining Innovation Summit և Sevan EV Rally։

Միջոցառմանը սպասվում է ավելի քան 2000 մասնակցի ներգրավում՝ շուրջ 50 երկրից։

Հուլիսի 30-ին կանցկացվի նաև Government Day միջոցառումը, որի ընթացքում պետական կառույցները կներկայացնեն տարբեր ոլորտների խնդիրների լուծմանն ուղղված թվային նախաձեռնություններ և տեխնոլոգիական լուծումներ։

Leave a comment