ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին

Քաղաքականություն

14.07.2026 | 12:54

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պնդում է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը  դիվերսիա էր պլանավորում «Մոսկվայի մարզի բնակելի թաղամասում գտնվող ռազմավարական ձեռնարկության դեմ», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱԴԾ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Լեհաստանի և Բելառուսի միջով պետք է Սլովակիայից Ռուսաստան իսպանական կերամիկական սալիկների մեծ խմբաքանակ գար, ներսում՝ «քողարկված 35 FPV անօդաչու թռչող սարքեր»։

«Պայթուցիկ բեռը տեղադրված է եղել Մոսկվայի մարզում նախապես վարձակալված անգարում, որը գտնվում էր այն ձեռնարկության կողքին, որտեղ պլանավորվել էր ահաբեկչական հարձակումը»,- պնդում է ռուսական գերատեսչությունը։

ԱԴԾ-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը պետք է արձակեին Մոլդովայի երկու քաղաքացիներ:

ԱԴԾ-ն դիվերսիոն դավադրության մեջ ներգրավված է անվանել «ուկրաինացի վիդեոբլոգեր, ռեփեր և կինոդերասան Ալբերտ Վասիլևին», որն օգտագործում է Kyivstoner կեղծանունը։

Բացի այդ՝ մամուլի հաղորդագրության մեջ հիշատակվում է նաև նախկին բանտարկյալի մասին, որը 2022 թվականին պայմանագիր է կնքել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ և մարտական ​​գործողություններին մասնակցելուց հետո համաներման արժանացել՝ «2023 թվականին դառնալով Ռուսաստանի քաղաքացի»։ Նա, իբր, հավաքել և գործարկել է անօդաչու թռչող սարքերը, «որից հետո լքել է հանցագործության վայրը»։ Այս անձը հետագայում ձերբակալվել է։

Նախօրեին էլ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, թե ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումներ է կանխել։

Ուկրաինան չի մեկնաբանել այս պնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment