WhatsApp-ով ֆիշինգային հարձակման փորձ FIP.am-ի լրագրողի նկատմամբ․ լրագրողի փորձառությունը

Աշխատանքային օրս ավարտվեց տնօրենիս անունից WhatsApp-ով ստացած հաղորդագրությամբ։ Նա գրում էր, որ իրեն կանչել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացրել կազմակերպության աշխատակիցների արտահերթ ինչ-որ «արտապլանային ստուգման» մասին և փոխանցել այն աշխատակիցների ցանկը, որոնց հետ կապված հարցեր են առաջացել։

«Դուք նույնպես այդ ցուցակում եք»,- գրված էր տնօրենիս հաղորդագրությունում։

Արտապատկերումը՝ լրագրողին ուղարկված հաղորդագրությունից:

Եթե անկեղծ, հաղորդագրությունը բավականին համոզիչ թվաց։ «Տնօրենս» հաջորդ հաղորդագրությամբ զգուշացրեց, որ ինձ հետ կապ կհաստատի ԱԱԾ ներկայացուցիչ Գուրգեն Սիմոնյանը՝ հարցեր ուղղելու նպատակով։

Արտապատկերումը՝ լրագրողին ուղարկված հաղորդագրությունից:

Հաջորդ առավոտյան WhatsApp-ով նամակ ստացա․ նշված Գուրգեն Սիմոնյանը գրել էր, որ ցանկանում է զրուցել ինձ հետ։ Քիչ անց նա զանգահարեց WhatsApp-ով և տեղեկացրեց, որ իմ բանկային հաշվից խոշոր գումար է փոխանցվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, որը, ըստ նրա, հանդիսանում է ահաբեկիչ և գտնվում է հետախուզման մեջ։

Քանի որ խոսակցությունը սկսվել էր ռուսերենով, հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ է Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչը խոսում ռուսերեն։ Ի պատասխան նշվեց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործը վերաբերում է ՌԴ քաղաքացու։

Զրուցակիցս շեշտեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր է՝ իմ բանկային հաշիվներն օգտագործվել են երրորդ անձի կողմից, առաջարկում է աջակցել՝ այդ անձին բացահայտելու հարցում։

Նրան  հետաքրքրող հարցերը հիմնականում ընդհանրական էին՝ ո՞ր բանկերի հետ եմ համագործակցել, նկատե՞լ եմ արդյոք գումարի կորուստ, ունե՞մ կասկածներ, թե ո՞ր բանկերի աշխատակիցները կարող էին փոխանցել իմ տվյալները և այլն։

Իմ պատասխաններն էլ նույնքան ընդհանրական էին։

Այնուհետև Գ․ Սիմոնյանը տեղեկացրեց՝ քանի որ ԱԱԾ-ն տվյալները ստացել է Կենտրոնական բանկից, շուտով ինձ հետ կապ կհաստատի նաև ԿԲ ներկայացուցիչ Գագիկ Մելքոնյանը։

Այս խոսակցությունից րոպեներ անց ստացա նոր հաղորդագրություն․

«Հարգելի քաղաքացի, բարի օր։ Ձեզ ողջունում է Կենտրոնական բանկը»։

Արտապատկերումը՝ լրագրողին ուղարկված հաղորդագրությունից։

Կարճ ժամանակ անց նույն անձը զանգահարեց WhatsApp-ով։ Այս անգամ հարցերը ավելի թիրախային էին, իսկ իմ պատասխանները՝ արդեն կիսով չափ հեգնական։

«Ո՞ր Կենտրոնական բանկից եք՝ Հայաստանի, թե՞ Ռուսաստանի»։
«Ինչո՞ւ պետք է փոխանցեմ իմ հաշիվներին առկա գումարի չափը․ դա կոնֆիդենցիալ տեղեկություն է»։
«Փաստորեն Հայաստանի կենտրոնական բանկից եք, բայց չգիտե՞ք, թե քաղաքում Ինեկոբանկը քանի մասնաճյուղ ունի»։

Իմ կիսահեգնական հարցերն ու մոտ 40 րոպե տևած խոսակցությունից օգտակար տեղեկություն չստանալը ԿԲ ներկայացուցիչ ներկայացող անձի մոտ վրդովմունք առաջացրեց։ Նա հայտարարեց, որ անմիջապես զեկուցելու է ԱԱԾ-ին, թե ես խոչընդոտում եմ հետաքննությանը։ Ավելին՝ սպառնաց, որ իմ նկատմամբ գործ կհարուցվի, ես կներգրավվեմ ոչ թե որպես տուժող, այլ որպես մեղադրյալ, իսկ բոլոր բանկային հաշիվներս կսառեցվեն անժամկետ։

Համաձայնեցի՝ ասելով․ «Զեկուցեք, խնդիր չեմ տեսնում»։ Սակայն այդ պահին ներսումս նաև անհանգստություն կար․ փաստաթղթերս դեսպանատանն էին, մի քանի օրից պետք է մեկնեմ երկրից, և հաշիվների սառեցման նույնիսկ աղոտ հեռանկարը բոլորովին ցանկալի չէր։

Մինչ մտածում էի, կրկին զանգ ստացա «ԱԱԾ-ից»։ Այս անգամ զրուցակիցս բացահայտ դժգոհ էր, որ «այդքան խոսակցությունից հետո հետաքննությանը որևէ օգտակար տվյալներ չեմ տրամադրել»։ Կարճ ավարտեցի խոսակցությունը՝ առաջարկելով իրականացնել օրենքով սահմանված բոլոր գործողությունները և ինձ պաշտոնապես հրավիրել ԱԱԾ, եթե դրա անհրաժեշտությունը կա։

Խոսակցությունից անմիջապես հետո իրավիճակը քննարկեցի գործընկերոջս հետ։ Քննարկման արդյունքում եկանք եզրահանգման՝ զանգահարել տնօրենիս՝ ընդ որում ոչ թե WhatsApp-ով, այլ սովորական հեռախոսակապով։  

Տնօրենիս առաջին հարցս սա էր․ «․․․ ջան, Գուրգեն Սիմոնյանի զանգի մասին, որ ասել էիր…»
«Ի՞նչ Գուրգեն Սիմոնյան…»։

Այսքանը բավական էր, որ ամեն ինչ տեղն ընկներ, շրջանը ետ պտտվեր, և պարզ դառնար՝ նույնիսկ լրագրողը կարող է դառնալ ֆիշինգի զոհ, եթե չլինի զգուշավոր, սառնասիրտ, չստուգի ու չհամադրի փաստերն ու իրադարձությունները։

Հենց այդ պատճառով էլ մի քանի ժամ տևած այս պատմությունը դարձնում ենք հանրային քննարկման առարկա և սեփական օրինակով ցույց տալիս, որ ֆիշինգ իրականացնողները չափազանց ճկուն են, քայլերը՝ հաշվարկված, մոտեցումները՝ շփոթ առաջացնող։

Եվ հենց սա է պատճառը, որ խաբեության զոհ են դառնում ոչ միայն անփորձ մարդիկ, այլև նրանք, ովքեր վստահ են՝ ֆիշինգը մի բան է, որ կարող է պատահել բոլորի հետ, բայց ոչ երբեք՝ իրենց հետ։

Արդյունքում, ֆիշինգից խուսափելու միակ արդյունավետ տարբերակը տեղեկատվության բազմակի ստուգումն է՝ պետական կառույցների հետ շփման դեպքում պահանջելով միայն պաշտոնական, գրավոր և ուղիղ հաղորդակցություն ու երբեք չտրամադրելով անձնական կամ բանկային տվյալներ մեսենջերների և հեռախոսազրույցների միջոցով։

Պաշտոնական տեսակետ

ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին տարիներին Հայաստանում համակարգչային և կիբերհանցագործությունների թիվը կայուն աճի միտում ունի։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝

  • 2021 թվականին գրանցվել է 516,
  • 2022 թվականին՝ 1153,
  • 2023 թվականին՝ 1198,
  • 2024 թվականին՝ 1387,
  • 2025 թվականին՝ 1587 համակարգչային հանցագործություն։

Դրանց մի զգալի մասը վերաբերում է ֆիշինգային կիբերհանցագործություններին, երբ կեղծ հղումների, հեռախոսազանգերի կամ մեսենջերային հաղորդագրությունների միջոցով քաղաքացիներին մոլորեցնելով՝ հափշտակվում են ֆինանսական միջոցներ։

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ վերջին շրջանում հատկապես տարածվել են դեպքերը, երբ հանցագործները WhatsApp-ում և սոցիալական ցանցերում ներկայանում են պետական կառույցների, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, կենտրոնական բանկի ներկայացուցիչների անունից։ ՆԳՆ-ում արդեն գրանցվել է նմանատիպ շուրջ 30 դեպք։

Պաշտոնյայի խոսքով՝ կիբերհանցագործությունների եղանակները բազմազան են, սակայն նպատակը մեկն է՝ ցանկացած եղանակով մոլորեցնել քաղաքացուն և հասանելիություն ստանալ նրա ֆինանսական միջոցներին։

Այս հանցագործությունների հետևանքով, ըստ Մկրտչյանի, քաղաքացիները կրում են զգալի ֆինանսական վնասներ․ այն ներկայումս տատանվում է 500 միլիոնից 1 միլիարդ դրամի սահմանում։

Նրա մատնանշած վիճակագրությունը ցույց է տալիս, որ կիբերհանցագործ խմբերի շուրջ 70 տոկոսը գործում է արտերկրից, հիմնականում հետխորհրդային երկրներից՝ Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան և այլն։ Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Հայաստանում ռուսերենին տիրապետող քաղաքացիների թիվը մեծ է, ինչի պատճառով երկիրը հանցագործների համար դառնում է հարմար թիրախային միջավայր։

Հայկ Մկրտչյանը կարևորում է կիբերհանցագործությունների վերաբերյալ հանրային իրազեկման շարունակական բարձրացումը՝ ընդգծելով, որ նման երևույթների կանխարգելումը պետք է սկսել վաղ տարիքից։ Նրա խոսքով՝ հնարավոր է նաև խաղային և կրթական մեթոդների միջոցով երեխաներին և երիտասարդներին ներկայացնել թվային միջավայրում առկա ռիսկերը։

Պաշտոնյայի համոզմամբ՝ իրազեկվածության բարձրացումը կարող է նպաստել կիբերհանցագործությունների թվի նվազմանը։

The post WhatsApp-ով ֆիշինգային հարձակման փորձ FIP.am-ի լրագրողի նկատմամբ․ լրագրողի փորձառությունը appeared first on FIP.AM.

Leave a comment