«Ազատություն»-ը գրում է, որ Թեղուտի պղնձի, մոլիբդենի հանքավայրը վաճառելու գործարքը ՎՏԲ-ն ավարտել է, հանքն ունի նոր սեփականատեր։
Շուրջ 8 տարի չկատարած վարկային պարտավորությունների դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերն անցել էին ռուսական բանկին։ Գարնանը ռուսական կողմը հայտնել էր, որ մոտ է պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքին։ Հայաստանի բանկային համակարգի նախկին ներկայացուցիչներից մեկը վերջերս բանկից ըստ էության ժառանգել է «Թեղուտ»-ի պարտքը ու վաճառել այլ անձի, ում անունը չի հրապարակվում։
Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով, գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։ Այժմ, ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում է ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։
Այս տարվա ապրիլի 22-ին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը հայտարարեց, թե բանկը պղնձի հանքավայրի վաճառքի վերջին փուլում է։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների՝ «Թեղուտ»-ի բաժնետոմսերի ձեռքբերմամբ հետաքրքրված էր Կոնստանտին Սոկոլովը, ով հայկական բիզնեսում ավելի հայտնի է որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի սեփականատեր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։