Իսրայելի խորհրդարանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու վերաբերյալ կարևորագույն քվեարկությունը կասեցվել է։ Այս մասին կիրակի հայտարարել է իսրայելցի պաշտոնյան, գրում է ԱՄՆ-ում գործող իսրայելական JNS-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ այս քայլը տեղի է ունենում դիվանագիտական նուրբ ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանը կրկին բախվում է անկայունության՝ Պարսից ծոցում շարունակական հարձակումների ֆոնին Իրանի հետ հրադադարի խզման պատճառով։ Այն նաև հաջորդում է անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ժամանակ Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դրդեց վաճառել ամերիկյան F-35 կործանիչներ։
Իսրայելի կաբինետն անցյալ ամիս միաձայն հաստատել էր բռնությունը որպես ցեղասպանություն որակելու առաջարկը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների արագ վատթարացման ֆոնին՝ Էրդողանի կողմից Իսրայելի դեմ սադրիչ լեզվի պատճառով, և Իսրայելի խորհրդարանում նախատեսված էր քվեարկություն՝ այդ քայլին վերջնական հաստատում տալու համար։ Իսրայելցի պաշտոնյան JNS-ին ասել է, որ քվեարկությունը կասեցվել է։
Քնեսեթը շաբաթվա վերջում պատրաստվում է ամառային արձակուրդի և չի աշխատի մինչև հոկտեմբերի 27-ի ազգային ընտրությունները։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի խոսնակը, որն անցյալ ամիս ներկայացրել էր առաջարկը կաբինետում, կիրակի չի պատասխանել զանգերին կամ մեկնաբանության խնդրանքին։
Անցյալում Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության ճանաչումից, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով շարունակել է այս նախաձեռնությունը կաբինետում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայերի նկատմամբ բռնությունը որակել է որպես ցեղասպանություն, սակայն մինչ օրս այս հարցի վերաբերյալ պաշտոնական քվեարկություն չի անցկացվել։
Թուրքիան, որն Իսրայելի ամենամեծ քննադատներից է եղել Գազայի պատերազմի պատճառով, Իսրայելի կաբինետի քայլն անվանել է «քաղաքականապես դրդապատճառներով պայմանավորված»։ Խորհրդարանական քվեարկությունը սառեցնելու որոշումը կարող է դիտվել որպես երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի մի մաս՝ տարածաշրջանային անկայունության պայմաններում։
Ադրբեջանը նույնպես դատապարտել էր Իսրայելի կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը և կոչ արել կառավարությանը չեղարկել այդ քայլը։
Ադրբեջանը պատմական կապեր ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ և վաղուց աշխատել է իր երկու դաշնակիցների միջև միջնորդ լինել։ Ադրբեջանի դիրքորոշումը և՛ նշանակալից է, և՛ զգայուն Իսրայելի համար, քանի որ Երուսաղեմն ու Բաքուն վաղուց ի վեր ձևավորել են ռազմավարական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ազգերի միջև դարավոր մտերմության վրա, որը վերածվել է անվտանգության և էներգետիկայի հետ կապված ամուր ուշադրության։
Ըստ JNS-ի՝ երեք տարի առաջ Ադրբեջանը պատմություն է կերտել՝ դառնալով առաջին շիա մահմեդական երկիրը, որը դեսպանատուն է բացել Իսրայելում՝ անտեսելով Իրանի կողմից բռնության սպառնալիքները և պահպանելով իր ամուր դաշինքը Իսրայելի հետ տարածաշրջանային պատերազմների ընթացքում։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի