Մոսկվայի Սիմոնովսկի դատարանը «Տորպեդո Մոսկվա» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր տնօրեն Վալերի Սկորոդումովին դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ ուղղիչ գաղութում, հաղորդում է Championat.com-ը։
Սկորոդումովին նաև արգելվել է երեք տարի ժամկետով զբաղվել սպորտային գործունեությամբ, իսկ Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ նա որակազրկվել է 10 տարով։
Գործը քննվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի («Պաշտոնական մարզական մրցույթի արդյունքի վրա ապօրինի ազդեցություն») համաձայն՝ հատուկ ընթացակարգով, քանի որ Սկորոդումովն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և մեղքի ընդունման համաձայնագիր է կնքել քննության հետ։
Հետաքննությունը և դատարանը պարզել են, որ Վալերի Սկորոդումովը, ակումբի համասեփականատեր Լեոնիդ Սոբոլևի հետ համաձայնության գալով, կազմակերպել է մրցավարներին կաշառելու համակարգ՝ «Տորպեդոյի» վերադարձը Ռուսաստանի Պրեմիեր լիգա ապահովելու համար։ Մոսկովյան ակումբի ղեկավարությունն անօրինական կերպով ազդել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 20 խաղերի արդյունքների վրա, որոնցից 17-ում մրցավարներին կաշառելը ապահովել է թիմի հաղթանակը։ Ընդհանուր առմամբ, Սկորոդումովն անձամբ կամ միջնորդների միջոցով կաշառել է 13 ֆուտբոլային մրցավարի։ Մրցավարները խաղերի ցանկալի արդյունքի համար ստանում էին 500,000-ից մինչև 3 միլիոն ռուբլի, իսկ 11-մետրանոց հարվածներ նշանակելու կամ մրցակից խաղացողներին խաղադաշտից հեռացնելու համար՝ լրացուցիչ 250,000-ից մինչև 500,000 ռուբլի բոնուսներ։