Օլիմպավանում կրկին քննչական գործողություններ են իրականացվել. ինչ է կատարվել

Բաժանորդագրվել

Օլիմպավանցիները հույս ունեն, որ շուտով իրենց ընկերության դռները կբացվեն և իրենք կրկին հնարավորություն կունենան անցնել իրենց բնականոն աշխատանքին։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Օլիմպավանում իրավապահները մեկ շաբաթ անց կրկին քննչական գործողություններ են իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Օլիմպավանի տնօրեն Իշխան Սեդրակյանը։

Նշենք, որ առաջին անգամ «Օլիմպավանում» խուզարկություններ իրականացվել էին հուլիսի 6-ին։ Նույն օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան և նրան պատկանող մյուս ձեռնարկություններում նույնպես քննչական գործողություններ էին կատարվել։

Օլիմպավանում խուզարկության օրը 4 երկրի տարբեր մարզաձևերի շուրջ 60 մարզիկ կար, որոնց իրավապահները հեռացրել էին շենքից։

«Օլիմպավանում այսօր էլ քննչական գործողություններ են տեղի ունեցել, մեր կնքված սենյակներում կրկին ստուգումներ են իրականացվել։ Այդ գործողություններն արդեն ավարտվել են։ Մենք տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, «վինչեստերները»։ Հուսանք, որ մեր հիմնարկի բացումը կարագացվի»,– ասաց Սեդրակյանը։

Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է՝ «Օլիմպավանը» կապարակնքված է ու աշխատակիցների, մարզիկների ելումուտն արգելված է։

Հավելենք, որ Օլիմպավանը գործում է 2013 թվականից։ Այն մոտ 7500 քմ մակերեսով մարզաբազա է, որը կարող է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդ, ունի մարզումների համար միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ։

Leave a comment