Ադրբեջանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է հայաթափված Արցախի Շուշի քաղաքում 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի բացմանը՝ պատասխանելով ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին։
«Այսօր ես կրկին հաստատում եմ այն խորհուրդը, որ տվել էի Ուկրաինային անցյալ տարի. չընդունել հակամարտությունը։ Հենց դա էլ նրանք անում են։ Իհարկե, տարիների ընթացքում եղել են դժվար ժամանակաշրջաններ, մենք դրա վկան ենք եղել։ Մենք գիտենք, որ որոշակի շրջանակներ ճնշում են գործադրել՝ առաջարկելով դադարեցնել գործողությունները և ամրագրել օկուպացիան։ Ուկրաինայի ժողովուրդն ու կառավարությունը, բնականաբար, չեն համաձայնել դրան»,- ասել է նա։
Ալիևն ընդգծել է, որ այս պատերազմը պետք է անհապաղ ավարտվի. «Սա, իհարկե, Ադրբեջանի դիրքորոշումն է և իմ կյանքի դիրքորոշումը»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններին, ըստ Ալիևի՝ դրանք լիովին կարգավորվել են և ունեն դրական դինամիկա։
«Դժվարություններ կային։ Այո՛, բոլորս գիտենք դրանց մասին, բայց կարևորն այն է, որ այդ փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են։ Շփումներն իրականացվում են տարբեր մակարդակներում՝ կառավարությունների միջև, միջկառավարական հանձնաժողովների համանախագահների միջոցով, արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահական վարչակազմերի միջոցով։ Հետևաբար, կարծում եմ, որ այս առումով ամեն ինչ լավ է ընթանում, և մենք ուրախ ենք դրա համար»,- ասել է նա։
Ալիևն ասել է, որ ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսել են երկկողմ հարաբերությունների դինամիկայի մասին։ Նա հավելել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարևոր են ինչպես երկկողմ, այնպես էլ ավելի լայն առումով։
«Դրանք ընդգրկում են ինչպես փոխգործակցության ավանդական ոլորտները, այնպես էլ այսօր ի հայտ եկող նոր ոլորտները։ Իհարկե, տրանսպորտը, առևտուրը և հումանիտար համագործակցությունը շատ կարևոր դեր են խաղում»,- ասել է Ալիևը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի