Կայա Կալաս․ «Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքի դեմ»․ ԵՄ նոր առաքելությունը սկսում է գործել
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը (EUPM Armenia) այսօրվանից սկսում է իր գործունեությունը։ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում գործող այս խորհրդատվական առաքելության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ հակազդելու զարգացող անվտանգային մարտահրավերներին և հիբրիդային սպառնալիքներին:
2026 թվականի ապրիլի 21-ին պաշտոնապես հաստատված առաքելությունն ուղղված է լինելու պետական համակարգի դիմակայունության հզորացմանը։
«Անցյալ շաբաթ ԵՄ-ն ներկայացրեց Հայաստանին տրամադրվող տնտեսական և քաղաքական աջակցության խոշոր փաթեթ՝ օգնելու հակազդել ռուսական ճնշումներին: Այսօր մենք տեղակայում ենք ԵՄ նոր առաքելությունը: ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանի իշխանություններին կիբերսպառնալիքների ու ապատեղեկատվության դեմ պայքարում և ապօրինի ֆինանսական հոսքերի հակազդման գործում: ԵՄ-ն դիմակայուն, անկախ Հայաստանի և սեփական ճակատագիրը ընտրելու հայ ժողովրդի իրավունքի ամենամեծ ջատագովն է: Մենք կապահովենք, որ Հայաստանը միայնակ չմնա արտաքին հարկադրանքի դեմ»,- մեկնարկի առիթով հայտարարել է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը։
EUPM Armenia-ն ոչ գործադիր առաքելություն է և որևէ դեր չի ունենա հայկական իշխանությունների որոշումների կայացման գործընթացներում։ ԵՄ փորձագետները հայաստանյան կառույցներին պարզապես տրամադրելու են ռազմավարական խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն։
Հիշեցնենք, որ EUPM Armenia-ն ստեղծվել է Հայաստանի կառավարության խնդրանքով։ Առաքելությունը կունենա երկու տարվա նախնական մանդատ և հիմնականում կազմված կլինի ԵՄ անդամ երկրների կողմից գործուղված փորձագետներից:
2026 թվականի հունիսի 11-ին առաքելության ղեկավար է նշանակվել փորձառու դիվանագետ Կոսմին Ջորջ Դինեսկուն, որը նախկինում հաջողությամբ գլխավորել է Մոլդովայում ԵՄ համանման գործընկերության առաքելությունը: