TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ փորձագետ

Բաժանորդագրվել

Փորձագետի պնդմամբ՝ TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) նպատակներից է նաև վերահսկողություն սահմանել ՀՀ Սյունիքի մարզի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքերի նկատմամբ։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Դավթյանը հղում է կատարել ՀՀ ընդերքի երկրաբանության բնագավառի առանցքային մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. հրատարակված գրքին, որտեղ ներկայացված է քարտեզ, որի վրա հստակ նշված են ՀՀ տարածքում ուրանի պաշարների հիմնական գոտիները:

«Վաշինգտոնի աշխարհատնտեսական նպատակները շատ պարզ են։ Այն է՝ հետ չմնալ Չինաստանից և Ռուսաստանից, որտեղ միջուկային էներգիայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումի ռեակտորներ, արագ նեյտրոնային ռեակտորներ): Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի խոշորագույն մատակարարը մնում է Ռուսաստանը։ Մյուսն էլ՝ թույլ չտալ Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացիա Նիգերում և Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է Թրամփի կողմից դիտարկվել որպես տնտեսական գաղութացման գոտի»,- գրել է Դավթյանը։

Ըստ փորձագետի՝ TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել լոգիստիկ, էներգետիկ, հումքային և ռազմաքաղաքական խնդիրների մի ամբողջ համալիր:

Leave a comment