Նինա Ազիզյանի խոսքով` հիմա կոմբինատում զբոսաշրջության համար ակտիվ շրջան է, մինչդեռ իրենք ժամանակ են կորցնում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կապարակնքման հետևանքով մեծ վնաս է հասցվել նաև զբոսաշրջությանը։ Այս մասին հայտարարեց կոմբինատի էքսկուրսիաների բաժնի պետ Նինա Ազիզյանը։
«Երկուշաբթի օրվանից բավականին մեծ խմբեր ենք ունեցել գրանցված, ու քանի որ մենք էլ էստեղ չենք եղել աշխատանքի, անգամ չենք կարողացել ասել, որ գործարանը փակ է ու չենք կարող էքսկուրսիա անցկացնել։ Խոսքը չի գնում 5–10 հոգու մասին, մոտավորապես 80-100 հոգանոց խմբերի մասին եմ խոսում»,–ասաց նա։
Ազիզյանի խոսքով` հիմա կոմբինատում զբոսաշրջության համար ակտիվ շրջան է, իսկ իրենք ժամանակ են կորցնում։
«Մեծ կորուստներ է ունենում ոչ միայն գործարանը, այլ նաև պետությունը, որովհետև մենք նորմալ հարկերով աշխատում ենք։ Ստացվում է` մենք վանում ենք մեր զբոսաշրջիկներին` ամեն անգամ իրանց մերժելով։ Գործնական հեռախոսն ինձ մոտ է, եթե ձեզ ցույց տամ` ինչքան զանգեր է մեզ եկել տուրիստներից, մարդիկ խնդրում են` գոնե իրենց համար բացենք գործարանը, բայց քանի որ մենք էլ ենք հարկադիր արձակուրդի գնացել, ես իրենց բոլորին մերժում եմ ստիպված, հետո չգիտեմ` ոնց են այդքան տուրիստների նորից ներգրավելու գործարանում»,–ասաց նա։