Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը

Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինայի համար 50 հազար հարվածային անօդաչու սարքերի գնումը, ինչը կդառնա Կիևին արևմտյան երկրների կողմից այս տեսակի սպառազինության հայտնի ամենախոշոր մատակարարումներից մեկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հարցին ծանոթ աղբյուրին։

Խոսքը ուկրաինական SkyFall ընկերության արտադրած Shrike FPV-դրոնների մասին է։ Անօդաչու սարքերը հագեցած են ամերիկյան պաշտպանական տեխնոլոգիական Auterion ընկերության ծրագրային ապահովմամբ, որը թույլ է տալիս թռիչքի վերջին փուլում ինքնուրույն հետևել և խոցել շարժվող թիրախները։

Auterion-ի ղեկավար Լորենց Մայերը հաստատել է պայմանագրի ծավալը՝ դրա արժեքը գնահատելով մոտ 90 մլն եվրո (մոտ 103 մլն դոլար)։ Ըստ նրա, ֆինանսավորումը տրամադրվել է եվրոպական երկրներից մեկի կողմից։ Դրոնների մի մասն արդեն փոխանցվել է Ուկրաինային, մնացածը պետք է մատակարարվի մինչև տարեվերջ։

SkyFall ընկերությունը հաստատել է գործարքում Գերմանիայի մասնակցությունը, սակայն հրաժարվել է բացահայտել մանրամասները։ Գերմանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները չեն մեկնաբանել տեղեկությունը՝ հղում անելով օպերատիվ անվտանգության հարցերին։

—00—ԼԱ

Leave a comment