ՍԴ-ն օրեր շարունակ, նաև ոչ աշխատանքային օրերի ու ժամերի, քննեց ու քննեց, որ ասի այս մի քանի բառը՝ ԿԸՀ որոշումը մնում է ուժի մեջ։
Այսինքն՝ նոր ընտրություններ չեն լինելու, նոր գումարման խորհրդարանում լինելու է 3 ուժ։ Քաղաքական 7 ուժերի բողոքի հանգուցալուծումն անցնող շաբաթվա ամենակարևոր հարցն էր՝ իր ածանցյալ զարգացումներով ու բազում շերտերով։
․․․Սույն որոշումը վերջնական է, և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նիստը համարվում է փակված, ցտեսություն։
***
«ԿԸՀ-ի ընդունած խայտառակ որոշումն էր, որ Սահմանադրական դատարանի արդարադատության առարկան էր․ այդ որոշումը ճանաչվում էր անվավեր, սահմանվում էր մանդատների բաշխման նոր կարգ, այն կարգը, որը պարտավոր էր սահմանել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Այս պահանջը Սահմանադրական դատարան ներկայացրել էին 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերից 7-ը։ Վիճարկվում էր ԿԸՀ որոշումը, ըստ որի՝ Ազգային ժողովի դահլիճի դռները կբացվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչների համար։ ԲՀԿ ներկայացուցիչներն այդ դահլիճի դռներից հեռու էին ընդամենը 155 ձայնով։
«Նիստի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցն ընդունեց, որ այո՛, իրենց համակարգը 100%-անոց ճշտությամբ չի կարող վերարտադրել, որովհետև 16,000 մարդ է աշխատում, 70,000 տվյալ են մուտքագրում»,- ասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
ԲՀԿ-ում վստահ էին, որ եթե ԿԸՀ-ն վերաքվեարկություն նշանակեր 2 ընտրատեղամասերում, որոնցում քվեարկածների ձայները չներառվեցին ընդհանուր արդյունքում՝ նկատված ընտրախախումների պատճառով, ապա պատկերը բոլորովին այլ կլիներ․ կուսակցությունը կանցներ խորհրդարան։ Այս փաստը հաշվի առնելը ՍԴ-ին ներկայացված պահանջներից մեկն էր, որը ԲՀԿ ներկայացուցիչը ձևակերպում է այսպես․ «Դուք պարտավոր եք ապահովել ձեր գործատուի՝ ժողովրդի կամքի արտահայտությունը, Դուք պարտավոր եք ապահովել, որ ՀՀ 58,500 քաղաքացիների ձայնը չկորի»։
ՍԴ-ն գործի շրջանակում 5 հանգամանք պիտի պարզեր։ «Վերաքվեարկություն չնշանակելն ընտրության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ» հարցը դրանցից միայն մեկն էր։
Քննվեց նաև այն՝ արդյո՞ք եղել են ընտրության արդյունքի վրա ազդող քրեական վարույթներ, բռնության կոչեր, սպառնալիքներ, եղե՞լ է վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ կիրառում։
-Հավասարության տեսանկյունից երբ խոսում ենք, հարց եմ տալիս՝ արդյո՞ք կարող էինք նաև մենք՝ որպես ընտրություններին մասնակցող ուժ, փետրվարի 7-ին հաջորդող ժամանակահատվածում, օրինակ, նպաստները բարձրացնել, թե՞ դրա մենաշնորհը պատկանում էր մեկ կուսակցության,- հարցնում է Արամ Վարդևանյանը։
-Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը, բայց երբ փորձում ենք պարզել դրա բովանդակսությունը, տեսնում ենք, որ պնդման հիմքում դրվում է Կառավարության բնականոն գործունեությունը։ Ի՞նչ պետք է աներ Կառավարությունը, դադարեցնե՞ր իր գործունեությունը,- այսպիսին է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի արձագանքը, որը գործով որպես երրորդ կողմ էր ներկայանում։
Այսպես դիմողները, պատասխանողը, երրորդ կողմի ներկայացուցիչները մեկ շաբաթ քննեցին ընտրության վրա ազդեցության բոլոր հնարավոր շերտերը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պե՞տք է ընտրակաշառքի առերևույթ դեպքերը մատնանշելուց հանրայնացներ նաև դրանց հետ ասոցացվող կոնկրետ քաղաքական ուժերի անուններ, պե՞տք է դատապարտեր ՔՊ-ին՝ նախընտրական շրջանում թոշակները բարձրացնելու համար, պե՞տք է վերաքննություն նշանակեր խնդրահարույց ընտրատեղամասերում, մեծ հաշվով՝ ընտրության արդյունքների վրա ազդելու հնարավորություն ունեցող մարմիններն ազա՞տ էին։
ԿՀԸ նախագահի պատասխանը հստակ է․ «ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, ԿԸՀ-ն անկախ է ավելի, քան երբևէ»։
Իսկ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հորդորում է ավելի խնայող լինել․ «Լինենք խնայող Ընտրական օրենսգրքի նկատմամբ․ մենք ունեցել ենք 200,000-ից ավելի ընտրող, քան նախորդ ընտրությանը, 200,000-ով ավելի քաղաքացի է հավատացել ինստիտուտին, հավատացել ընտրությանն ու եկել քվեարկության, պետք չէ ամեն ինչի մեջ հանցագործություն որոնել»։
ՍԴ-ն 7 ուժերի հորդորով հանցագործություն որոնեց, բայց չգտավ։
***
ՍԴ-ի որոշմանը հաջորդեց 5 քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունն այն մասին, որ այն չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը, երկրում առկա քաղաքական ու իրավական ճգնաժամը, չի սրբագրում ընտրակեղծիքները։ Ուժերը 3 քայլից բաղկացած օրակարգ ձևակերպեցին, որը ենթադրում է կանխել Սահմանադրության փոփոխությունները, պաշտպանել Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, հեռացնել գործող իշխանությանը։
Բայց խորհրդարանի լեգիտիմությունը չընդունող ընդդիմությունն առաջին քայլով որոշեց աշխատել հենց այդ խորհրդարանում։
«Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»,- կարդում ենք «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։
Նարեկ Կարապետյանն արդեն հայտարարել է՝ կաշխատի մեկ դրամով։ Ընդդիմադիր որ գործիչներին կտեսնենք խորհրդարանում՝ չի ասվում։ Բայց վիրավորանքի մասին մի շերտ ևս կա, որին այս հաղորդման շրջանակում պիտի անդրադառնանք։ Փաշինյան-Ծառուկյան հեռակա բանավեճը սկսվեց «շպիոն» բառից։
-Թող տանեն հրապարակում գնդակահարեն, եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Չեմ ասում գնդակահարեք, թող գա, իմ առյուծի մոտ մտնի, դուրս գա, էն էլ որձ առյուծի,- հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
-Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում, հետդ էլ որձ կլինի անպայման, ես քեզ խոստանում եմ,- արձագանքել էր Նիկոլ Փաշինյանը։
Ծառուկյանի առյուծը նրանից շուտ վանդակում հայտնվեց։ Առինջում քնեցվեցին ու Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվեցին երեք առյուծ ու չորս վագր։ Մայր առյուծն այդպես էլ չարթնացավ։ «Ծառուկյանի ուժի սիմվոլի անկումը պատահականություն էր, թե՞ դիտավորություն» հարցի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։
«Ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ»,- կարծում է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նույն ինտենսիվությամբ մի աղմուկ էլ բարձրացավ Ծառուկյանին գետնին տապալելու կադրերից։ Դա հաջողվեց անել 8 ԱԱԾ աշխատակցի ջանքերով։ Քննարկվեցին առանձնատունը, որի խուզարկության համար 12 ժամ էր պետք, Ծառուկյանին պատկանող օբյեկտները, որոնց աշխատանքը դադարեցված է, աշխատողները՝ չաշխատող ու չվճարվող, հաճախորդները՝ ծառայություններից զրկված։ Հանրային ուշադրության մնացորդը միայն հասավ բուն գործին՝ Ծառուկյանին ձերբակալելու հիմքերին։
Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 8 մլրդ 126 մլն 946 հազար 460 ՀՀ դրամ արժողության անօրինական գույք է ներմուծվել, փաստաթղթերը կեղծելու միջոցով գույքն օտարվել է։ Ծառուկյանը նաև մեղադրվում է վառելիքի ներկրման գործարքի շրջանակում Իրանի քաղաքացուց ավելի քան 930 հազար դոլար հափշտակելու մեջ։
Ընդդիմադիր ուժերն այս գործողությունը կապում են ընտրություններում Ծառուկյանի մասնակցության հետ։
«Այստեղ պետք է լինեին ընդդիմադիր բոլոր ուժերը, որովհետև իմ կամ քո քաղբանտարկյալ գոյություն չունի, որովհետև, ի վերջո, այսպես բոլորին կալանավորելով՝ որևէ մեկը չի մնալու, որ գա դատարանի դիմաց խոսի կամ իր սատարումը հայտնի»,- ասում է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Ընդդիմադիր ուժերն աջակցում էին հեռակա՝ ֆեյսբուքյան գրառումների միջոցով։
***
Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է։ Եթե գումարվող Ազգային ժողովի մեծամասնությունը, այսինքն՝ նաև ՔՊ-ն, չորոշի, որ պետք են արտահերթ ընտրություններ, ապա առաջիկա 5 տարիներին խորհրդարանում երկրի մասին որոշումներ կկայացնեն «ՔՊ»-ի՝ 64, «Ուժեղ Հայաստան»-ի՝ 29 և «Հայաստան» դաշինքի 12 ներկայացուցիչներ։ Ընդդիմությունը խոստանում է ծավալել նաև արտախորհրդարանական՝ փողոցային գործունեություն՝ վերադասավորելով այս պահի ներքաղաքական իրավիճակի շերտերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան