Առանձին ապրանքատեսակների վերաբերյալ հինգ ամսվա տվյալներ չեն հրապարակվում, սակայն, համաձայն Պետական եկամուտների կոմիտեի առաջին եռամսյակի օպերատիվ տվյալների, հիմնականում նվազում է թանկարժեք մետաղների և քարերի վերավաճառքը։ Դրանց վաճառքի ծավալները գագաթնակետին էին հասել 2023–2024 թվականներին, որից հետո սկսել են նվազել։
Մասնավորապես, առաջին եռամսյակի տվյալներով, թանկարժեք մետաղների և քարերի ներմուծման ծավալը կրճատվել է մոտ 377 մլն դոլարից մինչև 136 մլն դոլար (241 մլն դոլարով)։ Էլ ավելի մեծ չափով՝ 305 մլն դոլարով, նվազել է դրանց վերաարտահանումը դեպի ԱՄԷ՝ 346 մլն դոլարից հասնելով 41 մլն դոլարի, քանի որ ներմուծման և վերաարտահանման շղթայում մասնակցում են ոչ միայն Ռուսաստանը, այլև մի շարք այլ երկրներ։
Արդյունքում, եթե բացառենք թանկարժեք մետաղներն ու քարերը, ապա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կրճատվել է ընդամենը 12,5 մլն դոլարով՝ մոտ 548 մլն դոլարից հասնելով 536 մլն դոլարի։ Կարելի է ենթադրել, որ հինգ ամիսների պատկերը էականորեն չի տարբերվի։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մյուս ապրանքներին, ապա առաջին եռամսյակի արդյունքներով ցորենի ներմուծումն աճել է մոտ 16 մլն դոլարից` հասնելով մինչև 20 մլն դոլարի, իսկ բնական գազինը՝ 158 մլն դոլարից մինչև 182 մլն դոլարի։ Միևնույն ժամանակ կրճատվել է նավթամթերքի ներմուծումը (մոտ 58 մլն դոլարից մինչև 20 մլն դոլար), ինչպես նաև փայլաթիթեղի արտադրության համար նախատեսված ալյումինի ներմուծումը (մոտ 14 մլն դոլարից մինչև 12 մլն դոլար)։
Ինչ վերաբերում է Հայաստանից Ռուսաստան մատակարարումներին, ապա կոնյակի արտահանումն աճել է 49 մլն դոլարից` հասնելով մինչև 67 մլն դոլարի, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը՝ 21 մլն դոլարից մինչև 24 մլն դոլարի (առաջին եռամսյակում ՌԴ ներմուծման սահմանափակումները դեռևս չէին գործում), իսկ հագուստի և կոշիկի արտահանումը՝ մոտ 47 մլն դոլարից մինչև 54 մլն դոլարի։