Պատկերացրեք, Իսպանիայում կանանց հրեն-գցեն ցլի առաջ ու ասեն. «Տոն ա, քուրս, դե փախի, ոնց կարաս»

Վաղը՝ հուլիսի 12-ին, Վարդավառն է, ամենագեղեցիկ տոներից մեկը, որը սոցիալական ոչ բարձր գիտակցության արդյունքում գրեթե միշտ տոնակատարությունից վերածվում է գռեհկության ու սթրեսի։ Տոնը ուրախություն է պատճառում նրան, ով մասնակցում է տոնախմբությանը, բայց երբ պարտադրում են մասնակցել, ապա այն դառնում է վիճաբանության ու կռվի պատճառ, ինչն էլ հաճախ ունենում է ողբերգական ավարտ։

Չկա մի տարի, որ Վարդավառի օրը չգրանցվեն դժբախտ պատահարներ, երբ մեքենային ջրում են ընթացքում, թաց ասֆալտի վրա միանգամից փակվում է վարորդի տեսադաշտը, ու վրաերթը պատրաստ է։ Չկա մի տարի, որ ինչ-որ մեկին դուր չգա, որ իր կնոջը կամ ընկերուհուն կամ էլ հենց իրեն հակառակ կամքի ջրում են, ու դանակահարությունը պատրաստ է։

Կարե՞լի է խուսափել նման հետևանքներից, իհարկե կարելի է, եթե մարդը ունենա սոցիալական բարձր գիտակցություն ու հասկանա, որ ամեն մի կաթիլ ջրի համար «մի կաթիլ մեղրը» չեն սարքում։ Կարելի է ուղղակի թեթև նայել ջրվելուն ու կյանքը չբարդացնել, չսարքել այնպիսի մի հարց, որը անպայման պետք է վերածվի ծեծկռտուքի։

Կարելի է խուսափել նաև՝ հասկանալով, որ եթե մարդը չի ուզում մասնակցել «ջրվելուն», պարտադիր չէ ողջ խմբով, ով ինչքան դույլով ջուր ունի, լցնեն մարդու գլխին, իսկ մեկն էլ վազի տուն, փորձի նաև տան ամանները լվալու համար հավաքված «զապաս» ջրերը հասցնել «համալրման»։

Ամեն տարի լինում են «կենցաղային իմաստուններ», որոնք միշտ կրկնում են միևնույն նախադասությունը, ու ամեն տարի այնքան են այդ նույն նախադասությունն ասել, որ այն վերածվել է «մշակված աքսիոմայի». «Ախպեր, դե տոն ա, մարդիկ ուրախանում են, ով չի ուզում, թող տնից դուրս չգա»։ Բայց ինչի՞ պետք է մեկը տնից դուրս չգա միայն նրա համար, որ մի ուրիշը ցիստեռնով ջուրը պատրաստ դեռ լուսաբացից հերթապահում է շենքի մուտքի մոտ։

Օրինակ՝ Իսպանիայում կա տոն, երբ մարդիկ վազում են ցլերի առջևից, բայց վազում են նրանք, ովքեր ուզում են մասնակցել այդ տոնախմբությանը։ Մեկն ուրախանում է մասնակցելով, մյուսը՝ հանդիսատես լինելով։ Բայց պատկերացրեք, որ դուք որպես զգոսաշրջիկ գնացել եք Իսպանիա, դիտում եք այդ միջոցառումը, մեկ էլ մեկը ձեզ հրում գցում է ցլի առաջ ու ասում. «Տոն ա ախպեր, դե փախի ոնց կարաս»։ Այնինչ դուք որևէ ցանկություն չունեիք դեմ առ դեմ հանդիպելու ցլերին։ Իսկ եթե Հայաստանում նման տոն լիներ, ցլերի առջև առաջին հերթին անկախ իրենց կամքից կհայտնվեին երիտասարդ ու գեղեցիկ կանայք։

Նույնն էլ Վարդավառն է։ Շատերին թվում է, թե ողջ ազգը «խելագարվում է» մինչև ուղնուծուծը ջրվելու համար։ Հատկանշական է նաև, որ բազմաթիվ մարդիկ, ում ձեռքին հայտնվում է մի դույլ ջուր, այդ պահին կորցնում են բանականության վերջին նշույլները, վերածվում մի ինչ-որ քարանձավային կերպարի, ու որքան էլ «զոհը» խնդրում է իրեն չջրել, ինչ պատճառաբանություններ էլ բերում է, միևնույն է, անասնական ժպիտով մինչ վերջին կաթիլը դատարկում են խեղճի գլխին, ու ով ինչքան ատամ ունի, մինչև վերջ բացած, սկսում հռհռալ։ Իսկ եթե հանկարծ մեկը կողքից փորձի մի նկատողություն անի, միանգամից՝ «դե տոն ա, ախպեր»։ Ուզո՞ւմ եք անմնացորդ ջրվեք, խնդրեմ, գնացեք Հանրապետության հրապարակ, որտեղ պատրաստվում է մեծ տոնակատարություն։ Չե՞ք կարող գնալ կամ չե՞ք ուզում, էլի ոչինչ, այդ «ջրոցին» խաղացեք ձեր շենքերի բակում ու նրանց հետ, ովքեր ներկայացել են մասնակցելու այդ տոնախմբությանը։

Կա նաև մի այլ հետաքրքիր փաստ։ Երբեմն տպավորություն է, որ ոմանց համար Վարդավառը սեռական չբավարարված ցանկություններին հագուրդ տալու յուրովի մի ռիտուալ է։ Տղամարդիկ որպես կանոն ջրում են բացառությամբ երիտասարդ կանանց ու աղջիկներին, այն էլ հիմնականում գեղեցիկ, երբեմն էլ որևէ տղամարդ ջրում է իր ծանոթ կանանցից հատկապես նրան, ով տարիներով իր համար Մասիս սարի պես եղել է «ինչպես փառքի անհաս ճամփա», ու Վարդավառը դառնում է «հարաբերության» ինչ-որ այլափոխված տարբերակ։ Դե եթե «տոն ա, ախպեր», ջրեք բոլորին՝ առանց սեռային կամ արտաքին խտրականության։

Թող տպավորություն չստեղծվի, իբր ես դեմ եմ Վարդավառին, ամենևին, ես դեմ եմ գեղեցիկը գռեհկության դարձնելուն, դեմ եմ ուրախությունը տհաճություն դարձնելուն, դեմ եմ տոնը ողբերգության վերածելու հավանականությանը, դեմ եմ մարդու խնդրանքը՝ «մի ջրեք», արհամարհելուն, դեմ եմ բանականությունը կորցնելուն, դեմ եմ հասարակության մեջ միջանձնային հարաբերությունները թեկուզ մի օրով փլուզելուն։ Վարդավառը, իհարկե, շատ գեղեցիկ տոն է, բայց շատ ավելի ուրախ կանցնի, եթե ջրվեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ջրվեն և ջրից անմասն մնան բոլոր նրանք, ովքեր պարզապես ուզում էին գնալ խանութ։

Կարեն Կարապետյան

 

Leave a comment