Ծաղրում, ասում էին՝ ինչ «Ոսկե ծիրան», կինո չունենք, այսօր աշխարհի 50 լավագույնների ցանկում ենք․Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Երբ 2004-ին առաջին անգամ կազմակերպում էինք «Ոսկե ծիրան» փառատոնը, շատ մեծ վախեր ունեինք, գումար չունեինք, մեզ հավատացողներ չկային, ծաղրում էին, ասում էին՝ Հայաստանում կինո չկա, ի՞նչ կինոփառատոնի մասին է խոսքը։ Եղան կռիվներ, հայհոյանքներ, արհամարհանք, ասում էին՝ հնարավոր չէ ստեղծել լավ փառատոն, դա ավանտյուրա է ձեր կողմից, հետո արդեն հայտնվեցին մարդիկ, որոնք հավատում էին փառատոնին, օգնում էին։ Այսօր արդեն «Ոսկե ծիրանը» ներառվել է աշխարհի 50 լավագույն փառատոնների մեջ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը։

Նշենք, որ հուլիսի 12-19-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը, կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ հեղինակավոր կինոփառատոններից:

Հարցին, թե Հայաստանում կա արդյոք ձևավորված կինոմիջավայր, Հարություն Խաչատրյանը պատասխանում է․ «Հայաստանում կինո կա, բայց, դժբախտաբար, փոքր երկրներն ունեն փոքր բյուջե, չեն կարող մեծ գումար վաստակել, փող բերել, դա կարող են անել միայն կոմերցիոն ֆիլմերը, որքան էլ պետությունը բյուջեն ընդլայնի՝ քիչ է, ամենաէժան ֆիլմն աշխարհում հիմա նկարվում է 1-2 միլիոն դոլարով։

Մեզ մոտ, առհասարակ, քիչ են նկարվում ֆիլմեր, դրանք հոսք չեն ապահովում, մինչդեռ հայկական կինոտեսակը պետք է մի օր կայանա, պարզապես դժվարությամբ ենք առաջ գնում»։

Նրա խոսքով՝ Հայաստանը պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆի դպրոցի կարիք ունի, ասում է՝ մեր ռեժիսորներն ուշ են սկսում կինո նկարել, տեխնիկա, ֆինանսավորում չունեն․ «Կինոոլորտը կարգավորող մեր օրենքների վրա էլ տեղ կա աշխատելու, կարծում եմ՝ փոքր երկրների կինոն պետք է ֆինանսավորվի կառավարության կողմից, պետությունը չպետք է վախենա այդ փողը ծախսելուց։ Իսկ մեր մեկենասները սիրում են եկեղեցիներ կառուցել, դա, իհարկե, շնորհակալ գործ է, բայց կինոն լուրջ զենք է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան

Leave a comment