Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա Իրանի հարձակումները «համակարգի` վերահսկողությունից դուրս մնացած մասի» արդյունք են եղել

Իրանական կողմից Վաշինգտոնին ներկայացված տարբերակի համաձայն՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները «համակարգի` վերահսկողությունից դուրս մնացած մասի» արդյունք են եղել, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Մի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ Իրանում պայքար է ընթանում կոշտ գծի կողմնակիցների և պրագմատիկների միջև, ինչը կարող է ազդել նեղուցում նավագնացության շուրջ ստեղծված իրավիճակի վրա։ «Մենք պահանջում ենք, որ իրանցիները հրապարակային հայտարարություն տարածեն՝ ընդունելով, որ Հորմուզի նեղուցով անցնող բոլոր անցուղիները բաց են, և որ նրանք այլևս չեն կրակում նավերի վրա։ Կա՛մ նրանք դա կանեն, կա՛մ կկրեն բացասական հետևանքներ»,- ասել է աղբյուրներից մեկը։

Այս շաբաթվա սկզբին Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել Կատարի և Սաուդյան Արաբիայի երեք առևտրային տանկերներ։

Նավերի վրա հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ավելի ուշ Վաշինգտոնը նոր հարվածներ էր հասցրեց՝ դրանք անվանելով Հորմուզի նեղուցում հարձակումների «պատասխան»։ Ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան բազաների վրա հարվածների մասին։

Դրանից հետո, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները համաձայնել է բանակցել Իրանի հետ Թեհրանի նախաձեռնությամբ։

Իրանի խորհրդարանի խոսնակ և Իսլամական Հանրապետության գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ իրանական կողմը դեռևս «չի վստահում» Միացյալ Նահանգներին։ «Բանակցությունների ընթացքում ես ԱՄՆ փոխնախագահին հստակեցրեցի, որ մենք ձեզ չենք վստահում», – ասաց Ղալիբաֆը (մեջբերելով CNN-ը)։ Նա կարծում է, որ միայն նրանք, ովքեր «պատրաստ են պատերազմի», կարող են բանակցել Միացյալ Նահանգների հետ։

Leave a comment