Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է վրեժ լուծել հոր՝ Ալի Խամենեիի և ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված մյուս իրանցիների մահվան համար։

«Մենք երդվում ենք վրեժ լուծել ձեր արյան և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար՝ պատժելով հանցագործ ու խայտառակված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- ասված է Խամենեիի գրավոր ուղերձում, որը հրապարակվել է նրա հոր՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության առիթով։

«Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն անպայման պետք է իրականացվի»,- ընդգծել է նա։

Փետրվարի 28-ին ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով զոհված Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը մեկնարկել էր հուլիսի 3-ին՝ Թեհրանում։ Հուլիսի 4-5-ը նրա մարմինը դրված էր Թեհրանի «Մոսալլա» կրոնահասարակական համալիրում։ Հուլիսի 6-ին Թեհրանում անցկացվել է սգո երթ, որից հետո մարմինը տեղափոխվել է Իրանի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի են ունեցել սգո արարողություններ։

Նույն օրը երեկոյան Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբելայում տեղի շիա մահմեդականների համար կազմակերպվել են առանձին հրաժեշտի արարողություններ։

Նախկին գերագույն առաջնորդի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։

Leave a comment