Նիկոլ Փաշինյանը դատի է տվել նախկին թիմակից Սոֆիա Հովսեփյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել իր նախկին թիմակից, նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել և հերքում տարածել «զրպարտություն և վիրավորանք պարունակող արտահայտությունների համար»։

Դատական հայցի համար հիմք է հանդիսացել «Հրապարակ» կայքում տեղ գտած Հովսեփյանի հարցազրույցը, որտեղ նախկին պատգամավորը կոշտ քննադատություն է հնչեցնում Փաշինյանի հասցեին։

Մասնավորապես, Փաշինյանը դատարանից խնդրում է պարտավորեցնել Սոֆիա Հովսեփյանին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից https://www.hraparak.am լրատվական կայքի, hraparak.am ֆեյսբուքյան էջի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ներողություն։ Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, https://www.hraparak.am լրատվական կայքում և hraparak.am ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ «Այդ տականքին ես վաղուց եմ ճանաչում՝ գիտեի, թե ոնց է նկարելու թվերը» վերնագրով հոդվածում Նիկոլ Փաշինյանին «տականք» անվանելու համար նրանից խնդրում եմ ներողություն»։

Իսկ որպես զրպարտություն Փաշինյանը դիտարկել է Հովսեփյանի հետևյալ արտահայտությունները.

«Փաշինյանը շտապեց իրեն հաղթող հայտարարել, ինքը շատ լավ գիտեր, թե ինչպես է նկարելու այդ ամեն ինչը, դրա համար էլ հայտարարեց այն, ինչն արել է և զարմանում եմ, թե ինչու ենք մենք զարմանում», «Բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ են նկարելու իրենք և, բնականաբար, հայտարարեց: Սա մեզ համար զարմանալի չի, մենք վաղուց ենք իրեն ճանաչում, իր ստախոսությունը մեզ համար նորություն չի, իր ժողովրդավարության կեղծիքն էլ մեզ համար նորություն չի և բնականաբար այդ ամեն ինչի արդյունքում գիտենք ինչ պետք է անի», «Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա այս տականքին ես վաղուց եմ ճանաչում ու գիտեի, թե ինչպես է ընտրության արդյունքները նկարելու»։

Ըստ հայցի, Հովսեփյանը պետք է հերքում տարածի՝ մատնանշելով այս արտահայտությունները և գրի հետևյալ տեքստը.

«Հայտնում եմ, որ այս տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։

Վիրավորանք պատճառելու համար որպես ոչ նյութական փոխհատուցում Փաշինյանը հօգուտ իրեն պահանջում է Հովսեփյանից բռնագանձել 2 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 4 մլն դրամ։

Հայցադիմումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ուղարկվել հուլիսի 9-ին և մակագրվել դատավոր Լիլիթ Խաչատրյանին։

Ռոզա Վարդանյան

Leave a comment