Լոռիում քննարկվել է Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման օրենսդրական նախագիծը

Լոռու մարզպետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում ներկայացվել են «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխությունները, որոնցով առաջարկվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով 22 բնակավայր ընդգրկող մեկ համայնք։ Պաշտոնյաների խոսքով՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել ավելի արդյունավետ և կենսունակ համայնք՝ ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմամբ և բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմամբ։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հուլիսի 10-ին մասնակցել են Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացված հանրային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Քննարկման թեման Վանաձոր համայնքի ձևավորման նոր նախագիծն էր, որով նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ։

Հանրային քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների, վարչական բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը հանրային քննարկման ընթացքում ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների հիմնական դրույթները, նշել, որ համայնքների միավորման նպատակն է ձևավորել առավել արդյունավետ և կենսունակ համայնքներ:

Պաշտոնյաներն ընդգծել են նաև, որ համայնքների միավորումը հնարավորություն կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, մեծացնել համայնքների կարողությունները և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը։

Հանրային քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment