Ծաղիկ աճեցնողների խոսքով` դեպի ԵՄ որևէ խոշոր արտահանում չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Իշխանական օղակներից ծաղիկ աճացնողներից սպառնալիքներ են ստացել՝ կապված հրապարակային հայտարարությունների հետ։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի զրուցակցի խոսքով՝ իրենց փոխանցվել է, որ եթե հրապարակայնորեն դժգոհեն, հարցազրույցներ տան կամ հայտարարեն, թե եվրոպական շուկան չի կարող փոխարինել ռուսական շուկային, ապա եվրոպական շուկա արտահանման հնարավորությունը ընդմիշտ կարող է փակվել իրենց համար։
«Սա է նաև պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բան ասողները, սակայն, չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որևէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել՝ ընդամենը փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր: Զրուցակիցը նաև ասաց, որ տևական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է և լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են»,–գրել է թերթը։
Նշենք` եթե 2024-ին ՀՀ–ից ՌԴ արտահանվել է 36 մլն դոլարի ծաղիկ, ապա 2025-ին արդեն գումարային արտահայտությամբ արտահանոււմը հասել է 53․6 մլն–ի։ Ընդ որում, ավելացել է ոչ միայն արտահանվող ծաղիկների ծավալը, այլև արժեքը։ 2024թ–ին ծաղկի 1 տոննայի միջին արժեքը 3031 դոլար էր, 2025-ին` 5418։