Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։
Խոսքը մասնավորապես վերաբերում է Roblox խաղային հարթակին։ Այս մասին գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են Roblox-ը, Minecraft-ը, Brawl Stars-ը, Fortnite-ը, PUBG-ին և այլն։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ՝ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և միևնույն ժամանակ վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։ Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։
Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները և առհասարակ դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ»,- գրել է նա: