Եվրահանձնաժողովը դիմել է Meta-ին՝ փոխել իր Instagram և Facebook սոցիալական ցանցերի կախվածություն առաջացնող դիզայնը, հակառակ դեպքում կարող են տուգանքներ սահմանվել համացանցում երեխաների անվտանգության վերաբերյալ ԵՄ կանոնները խախտելու համար, գրում է Politico-ն։
ԵՄ գործադիր մարմինն ուրբաթ հրապարակել է իր եզրակացությունները «Թվային ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ հրահանգելով Meta-ին անջատել այնպիսի գործառույթներ, ինչպիսին է ավտոմատ նվագարկումը, իրականացնել արդյունավետ «էկրանային ընդմիջումներ» և փոփոխել իր առաջարկությունների ալգորիթմը, որն այժմ ուղղված է ներգրավվածությունը մեծացնելուն։
«Հանձնաժողովը կարծում է, որ Meta-ն պետք է դիզայնի փոփոխություններ կատարի ինչպես Instagram-ում, այնպես էլ Facebook-ում»,- ասվում է ԵՄ գործադիր մարմնի հայտարարության մեջ։
Meta-ի ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են ԵՄ փորձագիտական խմբի կողմից հաջորդ երկուշաբթի առաջարկություն հրապարակելու նախաշեմին, որը լրացուցիչ խթան կհաղորդի սոցիալական ցանցերի հարթակներից օգտվելու համար նվազագույն տարիք սահմանելու կոչերին։
Meta-ն կարող է տուգանվել տարեկան եկամտի մինչև 6 տոկոսի չափով՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի խախտման համար, եթե չկատարի հանձնաժողովի կողմից ուրբաթ հրապարակված պահանջները։ Տեխնոլոգիական հսկան այժմ կարող է ուսումնասիրել ԵՄ գործադիր մարմնի կողմից իր դեմ հավաքված ապացույցները և ներկայացնել իր պաշտոնական պաշտպանությունը։
«Մենք համաձայն չենք այս նախնական եզրակացությունների հետ, որոնք ճշգրիտ չեն հաշվի առնում դեռահասներին պաշտպանելու համար մեր ձեռնարկած նշանակալի քայլերը»,- Politico-ին ասել է Meta-ի խոսնակ Բեն Ուոլթերսը։
Նա մատնանշել է Teen Accounts-ը, որն Instagram-ը գործարկել է 2024 թվականին։
«Սրանք ավտոմատ կերպով պաշտպանում են դեռահասներին և ծնողներին վերահսկողություն են տալիս»,- ասել է նա։
ԵՄ-ն 2024 թվականի մայիսից ի վեր հետաքննություն է անցկացնում Meta-ի հետ կապված՝ սոցիալական ցանցերի կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ։ ԵՄ գործադիր մարմինն արդեն մեղադրել է ընկերությանը մեկ այլ եզրակացության մեջ՝ 13 տարեկանից փոքր անձանց իր հարթակներից դուրս պահելու և արտաքին շահագրգիռ կողմերի համար թափանցիկություն ապահովելու համար բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ։
Հրապարակված եզրակացությունում հանձնաժողովը պարզել է, որ Meta-ն պատշաճ կերպով չի գնահատել Instagram-ի և Facebook-ի կախվածություն առաջացնող դիզայնի առաջացրած ռիսկերը, ներառյալ՝ «բարձր անհատականացված առաջարկությունները, ավտոմատ նվագարկումը և անվերջ սքրոլինգը», որոնք «սնուցում են օգտատիրոջ ցանկությունը՝ շարունակել սքրոլինգը և ուղեղը դնում «ավտոմատ ռեժիմի» վրա՝ նպաստելով անառողջ սովորություններին և հարկադրական օգտագործմանը», ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Meta-ն բավարար միջոցներ չի ձեռնարկել այս ռիսկերը մեղմելու համար։ Ժամանակի կառավարման գործիքները հեշտությամբ անտեսվում են և «չեն հանգեցնում ծառայության օգտագործման էական կրճատման և վերահսկողության»։ Ծնողական վերահսկողությունը նաև պահանջում է, որ ծնողներն ունենան բավարար տեխնիկական փորձագիտություն և ժամանակ ու ջանքեր ներդնեն գործիքները հասկանալու համար։
Հանձնաժողովը փետրվարին արդեն նմանատիպ որոշում էր կայացրել TikTok-ի դեմ՝ պնդելով, որ այն թիրախավորել է երիտասարդ օգտատերերին կախվածություն առաջացնող դիզայնով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի