Եվրամիության հետ վիզաների ազատականացում. այս արտահայտությունը Հայաստանում շատերն են լսել, բայց արդյո՞ք կա հստակ պատկերացնում, թե իրականում ինչ է այն նշանակում՝ ազատ տեղաշա՞րժ, բնակության իրավո՞ւնք կամ աշխատելու ու կրթվելու նպատակով այցելություններ առանց սահմանափակումների՞։ Ի՞նչն է իրականություն, ի՞նչը՝ թյուր պատկերացում։
Factor TV-ն քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ գիտեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին։ Պարզվել է՝ քաղաքացիների մոտ վիզաների ազատականացման շուրջ թյուր պատկերացումները դեռևս շատ են։ Մինչդեռ այս գործընթացն ունի հստակ կանոններ, սահմանափակումներ և հնարավորություններ։
Ուր, ինչու և ինչպես
Վիզաների ազատականացումը վերաբերում է եվրոպական ոչ բոլոր պետություններին, այլ նրանց, որոնք Շենգենյան գոտու անդամ են․ թվով 29 երկիր:
Եվրոպական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիները Շենգենյան վիզա ստանալու համար 2021 թվականից հետո տարեցտարի ավելի շատ դիմումներ են ներկայացրել, մասնավորապես՝ 2025-ին եղել է 111 հազար 550 դիմում։ Վիզաների մերժումների չափաբաժինը նախորդ տասնամյակում գրեթե նույնն է եղել՝ 12-13%, իսկ 2025-ին նվազել է՝ մինչև 10,9%: Ուշագրավ է, որ 2016 թվականի համեմատ՝ 2025-ին գրեթե եռակի ավելացել է հաստատված բազմակի մուտքի վիզաների քանակը՝ հասնելով 40 հազար 662-ի։
Տրամադրված բազմակի մուտքի վիզաների քանակը, ըստ էության, ցույց է տալիս, թե որքանով են տվյալ երկրի քաղաքացիները համարվում «վստահելի» ճանապարհորդներ։
Մուտքի արտոնագրերի համար ՀՀ քաղաքացիներն անցած տարի առավել շատ դիմել են Իտալիայի դեսպանություն՝ 23 հազար 644 դիմում, ապա Գերմանիայի՝ 20 հազար 748, Հունաստանի՝ 18 հազար 932, Ֆրանսիայի դեսպանություն՝ 16 հազար 784 դիմում, և այլն։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ վիզաների ազատականացումը Հայաստանի քաղաքացիներին առաջին հերթին կբերի շարժունակության ժողովրդականացում, այսինքն՝ չեն սահմանափակվի քաղաքացիների այցելությունները Եվրամիություն՝ տարատեսակ պահանջներով, որոնք ներկայացվում են շենգենյան կանոնների շրջանակում։
«Մյուս կողմից՝ դա իր հետ բերում է պատասխանատվություն։ Դա կբերի որոշակի գայթակղություն որոշ մարդկանց համար՝ ապօրինի Եվրոպայում մնալ, ինչը բացարձակապես բացասաբար կանդրադառնա առաջին հերթին Հայաստանի իմիջի վրա։ Ունենալով այլ երկրների փորձը և անկանոն միգրացիայի հետ կապված բացասական արձագանքները Եվրոպայից, խիստ անցանկալի է»,- ասում է նա։
Վիզաների ազատականացումը միայն հնարավորությունների մասին չէ։ Այն ենթադրում է նաև պատասխանատվություն՝ ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների համար։ Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչ իրավունքներ է այն տալիս, և որոնք են շարունակում մնալ գործող սահմանափակումները։
Ի՞նչ կտա վիզաների ազատականացումը մեր երկրին
- 180 օրվա ընթացքում մինչև 90 օրով առանց վիզայի այցելություն Շենգենյան բոլոր երկրներ՝ զբոսաշրջության, գործնական այցերի, համաժողովների, կարճատև դասընթացների մասնակցելու նպատակով։
Դրա համար անհրաժեշտ կլինի կենսաչափական անձնագիր։ Այդ փաստաթղթերի տրամադրման մեկնարկը նախանշված է արդեն այս տարվա հոկտեմբերի 1-ից։
Ի՞նչ չի տա վիզայի ազատականացումը
- աշխատելու իրավունք,
- երկարաժամկետ ուսման իրավունք,
- մշտական բնակության իրավունք,
- չի հանգեցնի ԵՄ քաղաքացիության։
Այսինքն՝ աշխատանքի կամ ուսման համար, միևնույն է, պահանջվելու է հատուկ թույլտվություն կամ ազգային վիզա, իսկ վիզային ազատ ռեժիմի կանոնները խախտելու դեպքում քաղաքացին կարող է տուգանվել, արտաքսվել և հայտնվել «սև ցուցակում»։
ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար Լուսինե Հակոբյանն ընդգծում է՝ շենգենյան որևէ երկրում ապօրինի մնալու դեպքում քաղաքացիները հայտնվելու են հետվերադարձի (ռեադմիսիայի) ռեժիմում․ «Եթե բացահայտվի, որ նրանք ԵՄ որևէ պետությունում ապօրինի են գտնվում, այսինքն՝ սահմանազանցել են թույլատրելի ժամկետը, ապա պետք է հայտնաբերվեն և վերադարձվեն հայրենիք՝ Հայաստան։ Այդ քաղաքացիները, որոնք կխախտեն, հետագայում զրկվում են ԵՄ մուտք գործելու հնարավորությունից, իսկ ընդհանուր թիվը գնահատվելու է ԵՄ անդամ պետությունների միգրացիոն ծառայությունների կողմից՝ որոշելու համար, թե Հայաստանն այդ առումով ինչ սպառնալիք է ներկայացնում»։
Կանոնները չխախտելու առաջին նախապայմանը դրանց իրազեկ լինելն է։ Պատասխանատու կառույցները նշում են՝ ապօրինի միգրացիայի ռիսկերի նվազեցման հարցում ոչ պակաս կարևոր է, որ մարդիկ ճիշտ պատկերացնեն, թե ինչ է նշանակում առանց վիզայի ճամփորդությունը և ինչ սահմանափակումներ է այն շարունակելու ունենալ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի կարծիքով՝ կոմունիկացիան հավասարապես կարևոր է, որքան իրավական կարգավորումները։
«Մարդիկ հաճախ կարծում էին, թե Եվրոպա մշտական բնակության մեկնելու միակ ճանապարհն ապաստան հայցելն է՝ սուտ պատմություններ ներկայացնելով իրենց վտանգված կյանքի մասին։ Սա միգրացիոն ընթացակարգերի ուղիղ խախտում է։ Ուրախալի է, որ ՀՀ քաղաքացիների կողմից ապաստան հայցողների թիվը կտրուկ նվազել է. եթե 2018-ին այն 7000-8000 էր, ապա վերջին տարում արձանագրվել է մոտ 3600-ի շրջանակում։ Մարդիկ դարձել են ավելի մոբիլ, ինչի մասին վկայում է նաև անձնագրերի տրամադրման ծավալների աճը (5 անգամ ավելի շատ, քան 2012 թվականին)։ Մենք շուտով կմեկնարկենք մեծ կոմունիկացիոն արշավ՝ քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու համար»,- նշում է Դավթյանը։
Կանոնների իմացությունն անհրաժեշտ է հենց քաղաքացիներին։ Անգամ վիզաների ազատականացման դեպքում ԵՄ սահմաններն ավտոմատ չեն բացվելու։ Վիզային ազատ ռեժիմը չի նշանակում, որ սահմանին այլևս ոչ մի փաստաթուղթ չեն հարցնելու։ ԵՄ մուտք գործելիս սահմանապահը կարող է պահանջել հետադարձի տոմս, կացարանի ամրագրում, ճամփորդական ապահովագրություն, ճշտել՝ արդյո՞ք ունեք բավարար ֆինանսական միջոցներ։ Սրանց բացակայության դեպքում նույնիսկ վիզաների ազատականացումից հետո ԵՄ սահմանը տվյալ քաղաքացու համար փակ կմնա։
10-ամյա պատմությունն ու հեռվում նշմարվող վերջնագիծը
ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման շուրջ զարգացումները սկսվել են դեռ 2012 թվականին։ 2014-ի հունվարից ուժի մեջ մտան Վիզայի դյուրացման ու Հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերը․ նվազեցվեց տուրքը, պարզեցվեց վիզա ստանալու ընթացակարգը, կարգավորվեց անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Արդյունքում՝ 2024 թվականի սեպտեմբերին պաշտոնապես մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը՝ ժամանակ, երբ դիվանագիտական «ձեռքսեղմումներից» անցում կատարվեց գործնական բարեփոխումներին։
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը կարելի է բաժանել 2 փուլի՝ օրենքների ընդունում և «հողի վրա» դրանց թեստավորում կամ կիրառում։ Ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է կենսաչափական նոր անձնագրերի էկոհամակարգի, սահմանների էլեկտրոնային կառավարման համակարգի (ՍԷԿՏ) ներդրմանը, հիմնարար իրավունքներին և հանրային անվտանգությանը։ Թե երբ կավարտվեն այս փուլերը և ՀՀ քաղաքացին կկարողանա առանց վիզայի նստել դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռ, վերջնաժամկետներ չկան․ ամեն ինչ կախված է առաջադրված պահանջների կատարումից։
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Factor TV-ի հետ զրույցում կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը․ «Մենք ցանկանում ենք Եվրոպական միությունում տեսնել ավելի շատ հայ ճամփորդների և զբոսաշրջիկների: Մենք աշխատում ենք մարդկանց միջև շփումների զարգացման ուղղությամբ, և սա նույնպես վիզաների ազատականացմանն ուղղված ջանքերի մաս է: Ինչպես գիտեք՝ մեկ ամիս առաջ մենք ներկայացրինք առաջընթացի առաջին զեկույցը: Այս ոլորտում զգալի առաջընթաց կա, և մենք հուսով ենք, որ մնացած բոլոր չափորոշիչները շուտով կիրականացվեն, որպեսզի հասնենք մեր ընդհանուր նպատակին՝ ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ճամփորդությանը»:
Թե երբ կավարտվի ավելի քան տասնամյակ ձգվող գործընթացը և երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Շենգենյան գոտու երկրներ, հստակ ժամկետներ հնարավոր չէ նշել։ Հայաստանի իշխանությունները խնդիր են դրել այդ նպատակին հասնել մինչև 2029 թվականը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գայանե Խաչատրյան