Վերահսկողությունից դեպի վստահություն․ քաղաքացին պարտավոր չէ ամեն անգամ պետությանը ապացուցել, որ ինքը խախտող չէ․ Ջրբաշյան

Հանրային կառավարման իրական արդիականացումը չի սկսվում նոր տվյալների բազայից և ոչ էլ հերթական թվային ռեգիստրից, այն սկսվում է մի պարզ բան ընդունելուց․ քաղաքացին պարտավոր չէ ամեն անգամ պետությանը ապացուցել, որ ինքը խախտող չէ


ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հանրային կառավարման իրական արդիականացումը չի սկսվում նոր տվյալների բազայից և ոչ էլ հերթական թվային ռեգիստրից, այն սկսվում է մի պարզ բան ընդունելուց․ քաղաքացին պարտավոր չէ ամեն անգամ պետությանը ապացուցել, որ ինքը խախտող չէ։


Այս մասին Facebook–յան իր էջում գրել է  «Ամերիա» կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։


«Քաղաքացին պարտավոր չէ ամեն անգամ պետությանը ապացուցել, որ ինքը խախտող չէ։ Պետությունն իրավունք ունի ստուգելու, բացահայտելու և պատժելու խաբեությունը։ Բայց այն չպետք է ամբողջ կառավարման համակարգը կառուցի այն ենթադրության վրա, որ խաբեությունը յուրաքանչյուր քաղաքացու բնական վարքագիծն է», – նշել է Ջրբաշյանը։


Նա հիշեցրել է, որ խորհրդային վարչարարական ավանդույթում պետության հետ հարաբերության մեջ մտնող քաղաքացին հաճախ ընկալվում էր որպես հնարավոր խախտող։ Նա կարող է թաքցնել, խեղաթյուրել, շրջանցել, չասել ամբողջ ճշմարտությունը կամ չարաշահել համակարգը։ 


«Այստեղից էլ առաջացել էր նախնական անվստահության տրամաբանությունը․ բեր տեղեկանք, հաստատիր, ապացուցիր, ստացիր թույլտվություն, համաձայնեցրու, ներկայացրու ևս մեկ փաստաթուղթ», – նշել է Ջրբաշյանը։ 


Այս, նրա խոսքով, թղթային տեղեկանքները հաճախ փոխարինվում են թվային բազաներով, ռեգիստրներով և ավտոմատ ստուգումներով։ Բայց եթե դրանով չի փոխվում կառավարման բուն փիլիսոփայությունը, ապա թվայնացումը դառնում է ոչ թե բարեփոխում, այլ հին անվստահության նոր տեխնոլոգիական ձև։


Ջրբաշյանը կարծում է, որ ժամանակակից հանրային իրավունքը հիմնված է այլ տրամաբանության վրա․ քաղաքացին և բիզնեսը սկզբում դիտարկվում են որպես իրավակարգի բարեխիղճ մասնակիցներ։ Պետությունը չպետք է բոլորի հետ նախապես վարվի որպես հնարավոր խախտողների։ 


Որպես լավ օրինակ նա բերում է ապահովագրությունը։ Շատ արևմտյան երկրներում, ապահովագրական համակարգի հետ շփվելիս, մարդը նախ լրացնում է հարցաթերթիկ։ Նա տեղեկություն է տրամադրում իր, իր գույքի, առողջական վիճակի, ռիսկերի և ապահովագրական դեպքերի պատմության մասին։ Նրանից չեն պահանջում յուրաքանչյուր պատասխանի համար նախապես տեղեկանք ներկայացնել։ Եթե ռիսկերը սովորական են, տեղեկությունն ընդունվում է հայտարարության հիման վրա։ Եթե ռիսկերը բարձր են, կարող են լինել լրացուցիչ ստուգումներ։ 


Նրա խոսքով, սա վերահսկողության բացակայություն չէ։ Սա վերահսկողություն է, որը կառուցված է վստահության, պատասխանատվության և ռիսկի գնահատման վրա։ 


«Հետխորհրդային մոդելը քաղաքացուն ասում է․ «Նախ ապացուցիր, որ չես խաբում»։ Ժամանակակից իրավական մոդելը ասում է այլ բան․ «Ինքդ ներկայացրու տեղեկությունը և պատասխանատվություն կրիր դրա ճշմարտացիության համար»», – ընդգծել է Ջրբաշյանը։ 


Նա նշել է, որ վերահսկողությունը չի վերանում։ Բայց այն դառնում է ռիսկահեն, համաչափ և հետագա, այլ ոչ թե համընդհանուր և նախնական։ 


Նրա խոսքով, հին մոդելի գլխավոր խնդիրն այն է, որ ազնիվ քաղաքացին և ազնիվ բիզնեսը կրում են մշտական անվստահության ծախսերը, մինչդեռ անբարեխիղճ մասնակիցները հաճախ միևնույն է գտնում են համակարգը շրջանցելու ուղիներ։ 


Արդյունքում պետությունը վերահսկում է բոլորին, բայց միշտ չէ, որ արդյունավետորեն պատժում է նրանց, ովքեր իրականում խախտում են կանոնները, նշել է Ջրբաշյանը։

Leave a comment