ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման պահեստներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել Երևան քաղաքում գտնվող ժամանակավոր պահպանման պահեստներում։ Կոմիտեի ղեկավարը տեղում ծանոթացել է Ուրբան Լոջիստիկ Սերվիսիս, Տրանս Ալյանս, Ապավեն և Հայկ տերմինալների գործունեությանը, պահեստներում մաքսային հսկողության կազմակերպման գործընթացին, մաքսային մարմնի աշխատակիցների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքներին։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։

Շրջայցի ընթացքում պատասխանատու պաշտոնատար անձինք ՊԵԿ նախագահին ներկայացրել են նոր չափանիշներով կատարելագործված ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստների հնարավորություններն, ինչպես նաև պահեստներում ապրանքների պահպանության պայմանների բարելավման ուղղությամբ շարունակական տարվող աշխատանքները։

Միաժամանակ, Կոմիտեի նախագահը ծանոթացել է նաև ժամանակավոր պահպանման պահեստներում առկա խնդիրներին, այդ թվում՝ այնտեղ առկա որևէ մաքսային ընթացակարգով չձևակերպված և արգելապահված ապրանքների վիճակին։ Տրվել են հանձնարարականներ՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգով պահեստները հին ապրանքներից բեռնաթափելու գործընթացն արագացնելու ուղղությամբ։

Էդուարդ Հակոբյանը կարևորել է պահեստների ենթակառուցվածքների շարունակական զարգացումն ու արդիականացումը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները նպաստել են մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ապրանքների առավել անվտանգ և կանոնակարգված պահպանությանն ու արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար առավել կանխատեսելի ու ժամանակակից ծառայությունների մատուցմանը։ Միաժամանակ, ՊԵԿ նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ առկա խնդիրների հնարավորինս սեղմ ժամկետներում լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Այդ փոփոխությունների շրջանակում պահեստներում ներդրվել են ժամանակակից տեսահսկման և տեխնիկական միջոցներ և այլն, իսկ մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին։

Leave a comment